Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում ավարտին են մոտենում համապետական շաբաթօրյակի աշխատանքները

30.04.2022

Գեղարքունիքի մարզի համայնքներում և բնակավայրերում արդեն ավարտին են մոտենում ապրիլի 30-ին հայտարարված համապետական շաբաթօրյակի աշխատանքները։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ մարզում շաբաթօրյակի աշխատանքներին ընդգրկված էին աննախադեպ քանակությամբ՝ շուրջ 43 հազար մարդ և 238 միավոր տեխնիկա։
Ամենուրեք իրականացվեցին սանիտարական մաքրման, աղբահեռացման, տարածքների բարեկարգման, աղբաթափման և աղբածածկման աշխատանքներ։
Կենցաղային աղբի թափոններից մաքրվեցին միջպետական, հանրապետական, մարզային և համայնքային նշանակության ճանապարհների եզրերը, բնակավայրերի փողոցները, բակերը, հարակից տարածքները, Սևան ազգային պարկի անտառային տարածքները, գետաբերանները, պատմական հուշարձանների և տեսարժան վայրերի շրջակայքը, կրթական, առողջապահական, մշակութային և այլ հաստատությունների բակերը և դրանց հարող տարածքները։
Գեղարքւոնիքի մարզպետ Կարեն Սարգսյանը շրջայց կատարեց մարզի տարածքում, ծանոթացավ իրականացվող աշխատանքներին և կիսվեց իր տպավորություններով։
«Ընդհանուր առմամբ շաբաթօրյակի աշխատանքների ընթացքը և մասնակիցների ակտիվությունը գոհացուցիչ էր։ Ամենուրեք նկատելի էր աշխատանքային կոլեկտիվների և դպրոցականների ակտիվությունը ու տեխնիկական միջոցների ներգրավվածությունը, որի համար հայտնում եմ իմ շնորհակալությունը։ Մենք առավել ուշադրություն ենք դարձրել այն հանգամանքին, որ հավաքված աղբը տեղափոխվի միայն աղբավայրեր և հողով ծածկվի, որպեսզի աղտոտման նոր օջախներ չառաջանան։ Սակայն պետք է նշեմ, որ մարզի շրջակա միջավայրի մաքրությունը ապահովելու համար հարկավոր է, որպեսզի նման աշխատանքները կրեն մշտական բնույթ և լինեն մեր, համայնքների, բնակավայրերի վարչական ղեկավարների և իրավասու այլ կառույցների ուշադրության կենտրոնում։ Ասել, թե այս մեկ շաբաթօրյակը բավարար էր մարզում սանիտարական վիճակը ամբողջությամբ կարգավորելու համար՝ ճիշտ չի լինի։ Ուստի պետք է նման միջոցառումներ կազմակերպվեն պարբերաբար»,- նշեց մարզպետ Կարեն Սարգսյանը։
Համապետական շաբաթօրյակի ընթացքը լուսաբանվեց Գեղարքունիքի մարզպետարանի և մարզի համայնքապետարանների կայքերի և ֆեյսբուքյան էջերի միջոցով, հանրապետական և մարզային ԶԼՄ-ներով։

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52