Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի պատվիրակությանը

27.04.2022

Ապրիլի 27-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտ-Գրենոբլ պատվիրակության ներկայացուցիչներին։ Հանդիպումը կայացավ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ-Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտ ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում։ Կողմերի միջև կայացած աշխատաժողովը նպատակ ուներ ներկայացնել Իզերի դեպարտամենտի կողմից իրականացվող IRAPA հարթակի ծրագրերը, անդրադառնալ դեպարտամենտի կողմից մարզում իրականացվող ընթացիկ ծրագրերին և քննարկել երկկողմ համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերի հեռանկարները։
Ֆրանսիայից ժամանած պատվիրակության կազմում էին համագործակցության համաձայնագրով սահմանված կրթական, առողջապահական, զբոսաշրջության, մշակույթի, այլընտրանքային էներգետիկայի ոլորտների պատասխանատու աշխատակիցներ։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն իր ողջույնը հղեց Իզերի դեպարտամենտի խորհրդի նախագահ Պատրիկ Կուրտոյին, երախտագիտություն հայտնեց նրան և Ֆրանսիայի կառավարությանը՝ Գեղարքունիքի մարզում ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերին ընդառաջելու և ֆինանսապես աջակցելու, համագործակցությունը բարձր հիմքերի վրա պահելու և կողմերի միջև բարեկամական կապերն ամրապնդելու համար։
Իզերի դեպարտամենտի ներկայացուցիչն էլ Գեղարքունիքի մարզպետին փոխանցեց Իզերի դեպարտամենտի խորհրդի նախագահ Պատրիկ Կուրտոյի ողջույնը, հույս հայտնելով, որ համագործակից կողմերի ղեկավարներն առաջիկայում հանդիպելու հնարավորություն կունենան։ Այնուհետև Ֆրանսիայից ժամանած ոլորտային պատասխանատուները խոսեցին Գեղարքունիք-Իզեր ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքներում և բնակավայրերում իրականացված, ընթացքի մեջ գտնվող և հեռանկարային ծրագրերի մասին։
Քննարկվեց մարզի դպրոցականների շրջանում արդեն տարիների պատմություն ունեցող ֆրանսերեն լեզվի ուսուցման դասընթացների անցկացման, դրանց ընդլայնման, մշակութային մի շարք ծրագրերի իրականացման մասին, կարևորվեց Հայաստանում ֆրանսերեն լեզվի տարածման և Ֆրանսիայում հայկական մշակույթի ներկայացման և տարածման գործընթացը։ Այս ոլորտում, ինչպես նշվեց, նախատեսվում են նաև կյանքի կոչել երաժշտական ծրագրեր, համագործակցություն ծավալել թատերական ոլորտում՝ ընդգրկելով նաև Գավառի պետթատրոնին։
Ներկայացվեց «ԱՖՐԱՏ» գյուղական տուրիզմի զարգացման ծրագրերը, որոնք միտված են վերապատրաստումների միջոցով լեռնային բնակավայրերում զարգացնել գուղական տուրիզմը՝ բնակչության շրջանում այն հասանելի դարձնելով նաև քաղաքացիական հասարակության ներգրավվածությամբ, գովազդային վահանակների, տպագրական նյութերի միջոցով։ Ըստ ոլորտի պատասխանատուի՝ ծրագրի շրջանակներում առաջիկայում նախատեսվում է մարզում իրականացնել էկոտուրիզմին և ձիարշավային տուրիզմին վերաբերող ծրագրեր, վերապատրաստումներ իրականացնել քայլարշավային տուրիզմի զարգացման ուղղությամբ, որտեղ կարող է օգտագործվել Ֆրանսիայի գործակալությունների ներուժը։
Ֆրանսիական «Բժշկական օգնություն և զարգացում» ծրագրի շրջանակներում Գեղարքունիքի մարզի գյուղական համայնքների բուժկետերում և բժշկական ամբուլատորիաներում իրականացվել են զգալի թվով ծրագրեր՝ շենքերի վերանորոգման, դրանց վերազինման և վերապատրաստման ուղղությամբ։ Նշված ծրագրի շրջանակներում այս օրերին արդեն ավարտին է հասցվել Կարմիրգյուղի և Գանձակի բժշկական ամբուլատորիաների վերանորոգման և վերազինման աշխատանքները։ Առողջապահության ոլորտի պատասխանատուների հավաստմամբ՝ նոր ներդրումների շրջանակներում նախատեսվում են հերթական բուժկետերի վերանորոգումներ, վերազինումներ և վերապատրաստումներ՝ ծրագրում ընդլայնելով գյուղական բնակավայրերի թիվը։
Գեղարքունիք-Իզեր ապակենտրոնացված համագործակցությունը փորձում է կայանալ և ընդլայնվել նաև վերականգնվող էներգետիկայի ոլորտում։ Այս ուղղությամբ առայժմ ծրագիր է իրականացվում Սևան համայնքում, որտեղ նախնական փուլում ընտանիքներին տրամադրվել է գումար՝ արևային տաքացուցիչներ գնելու, ապա աստիճանաբար տրամադրված գումարը հետ վերադարձնելու սկզբունքով։ Զարգացնելով ծրագիրը՝ այս տարի արդեն իրականացվել է այլընտրանքային էներգետիկայի ոլորտի մասնագետների պատրաստման ծրագիրը, որի շրջանակներում օրերս Սևան համայնքից 12 ուսանողներ կավարտեն դասընթացները և կանցնեն համապատասխան աշխատանքի։ Նախատեսվում է ընդլայնել այս գաղափարը և շարունակել նաև տեխնոլոգիական վերապատրաստումների ծրագրերը տարբեր տարիքի եւ մասնագիտության տեր մարդկանց համար։
Աշխատաժողովի ավարտին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց պատվիրակության ներկայացուցիչներին՝ կատարված և նախատեսվող ծրագրերի մասին հանգամանալից տեղեկատվություն ներկայացնելու համար, իր երախտագիտությունը հայտնեց այն կառույցներին, որոնց աջակցության արդյունքում մարզում կյանքի են կոչվում բազմաոլորտ ծրագրեր։ «Ես իմ գոհունակությունն եմ հայտնում Գեղարքունիքի մարզում այս ծավալի ծրագրերի իրականացման համար և ողջունում այն գաղափարը, որ դրանք ընդլայնվելու և կրելու են շարունակական բնույթ։ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Գեղարքունիքի մարզում սահմանամերձ համայնքների թիվն ավելացավ, և ես շատ ուրախ կլինեմ, որ նմանատիպ ներդրումներ կատարվեն նաև այդ բնակավայրերում և համայնքներում, հատկապես՝ առողջապահության ոլորտում։ Գեղարքունիքի մարզը մեծ ներուժ ունի զբոսաշրջության ոլորտում, և ողջունելի է այն փաստը, որ դուք ձեր ծրագրերով նպաստում եք դրա հանրայնացմանը եւ զարգացմանը։ Շատ ուրախ եմ, որ Իզերի դեպարտամենտը և Գրենոբլ համայնքը նպաստում են Ֆրանսիայում հայկական մշակույթի ճանաչմանն ու տարածմանը, իսկ մենք էլ մեր հերթին պետք է ամեն հնարավորը անենք, որպեսզի մեր դպրոցականների և մեծահասակների շրջանում լայն տարածում ունենան ֆրանսերեն լեզուն եւ մշակույթը։ Գեղարքունիքի մարզը իր աշխարհագրական դիրքով գտնվում է շատ բարենպաստ վիճակում՝ այլընտրանքային էներգետիկայի ստացման համար, որից մարզում օգտվում են շատ մասնավոր ներդրողներ, և ողջունելի կլինի այդպիսի ծրագրերի ընդլայնումը մեր համագործակցության շրջանակներում։ Գեղարքունիքի մարզպետարանը մեծապես կարևորում է Իզերի դեպարտամենտի կողմից մարզում իրականացված բոլոր ծրագրերը և պատրաստակամ է՝ աջակցել ձեզ առաջիկա նախաձեռնություններում՝ նոր և արդյունավետ համագործակցության ծավալելու ակնկալիքով»,- նշեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
Աշխատաժողովից հետո Իզերի պատվիրակության ներկայացուցիչները ճանաչողական այցով եղան նաև Գավառի մշակութային հաստատություններում։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 13:14:47