Նորություններ
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերության գլխավոր տնօրեն Անատոլի Գոգոտինին
27.04.2022
Ապրիլի 26-ին Գեղարքունիքի մարզպետարանում մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերության գլխավոր տնօրեն Անատոլի Գոգոտինին, ով մարզպետին ներկայացրեց ընկերության կողմից Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում զարգացման երկրորդ սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման ավարտի մասին։
Անատոլի Գոգոտինի տեղեկացմամբ` Վարդենիս համայնքին առաջին սուբվենցիոն ծրագրի իրականացման նպատակով ընկերությունը տրամադրել է 50 միլիոն դրամի օգնություն, որի շրջանակներում 2020-21 թվականների ընթացքում համայնքում վերակառուցվել և բարեկարգվել են մի քանի փողոցներ, ինչպես նաև՝ Վարդենիս քաղաքի կենտրոնական այգին։
Ինչպես նշվեց՝ 79 միլիոն դրամ արժողությամբ նախագծային աշխատանքների շրջանակում «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերության համաֆինանսավորման գումարը ծրագրի երկրորդ փուլում կազմել է 50 մլն դրամ։ Ծրագրի շրջանակում լուծվել են ընկերության ներկայության տարածաշրջանի սոցիալական ոլորտի մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ Գեղամասար համայնքի մի շարք գյուղերի գազամատակարարման, ջրամատակարարման, գյուղական փողոցների լուսավորության ցանցերի զարգացման և այլ բնույթի խնդիրներ։
Կողմերը քննարկեցին նաև ընկերության կողմից մարզում գործող Սոթքի հանքավայրի վերակազմավորմանն ուղղված ներդրումային ծրագրերը։ Խոսվեց նաև մի շարք սոցիալական ծրագրերի մասին և քննարկվեց այդ ոլորտում համագործակցության հեռանկարները։
«Մեր ընկերությունը սոցիալական զարագացման հարցերում պատասխանատու ընկերություն է: Մենք միշտ փորձում ենք հնարավորինս շատ ներդրումներ կատարել սոցիալական ենթակառուցվածքների և մարդասիրական ծրագրերի զարգացման գործում։ Մեր սոցիալական ծրագրերը, որոնք մշակվել են տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությամբ, ծառայում են քաղաքացիների կենսամակարդակի բարելավմանը, նրանց բարեկեցությանը»,-նշեց «ԳեոՊրոՄայնինգ Գոլդի» գլխավոր տնօրեն Անատոլի Գոգոտինը։
Գեղարքունիքի մարզպետարանի եւ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերության համագործակցության ձեռքբերումներին եւ հեռանկարներին անդրադարձավ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
«Ի դեմս «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերության՝ մենք ունենք լավ ընկեր և գործընկեր , ով ակտիվորեն ներգրավված է Վարդենիս խոշորացված համայնքի կյանքում և երկար տարիներ մասնակցում է սոցիալական զարգացման ծրագրերին։ Գործընկերության առաջին փուլում մենք զգալիորեն բարելավեցինք Վարդենիս քաղաքի սոցիալական ենթակառուցվածքները և այժմ շարունակում ենք ծրագրերը այլ ենթակառուցվածքների զարգացման համար, որտեղ մեր գործընկերը եւս ակտիվ մասնակցություն ունի։ Մենք լավագույնս տեղեկացված ենք բոլոր այն բարեգործական ներդրումներին, որոնք կատարվել են մեր մարզում ձեր ընկերության կողմից, ինչի համար հայտնում ենք մեր շնորհակալությունը եւ վստահեցնում, որ այսուհետ եւս պահպանելու եւ զարգացնելու ենք համագործակցությունը։ Մարզպետարանը պատրաստ է աջակցել այն բոլոր խնդիրների կարգավորմանը, որոնք կարող են ի հայտ գալ ձեր ընկերության կողմից կազմակերպվող ծրագրերի իրականացման ընթացքում»,-նշեց Կարեն Սարգսյանը։