Նորություններ
Գեղարքունիքի մարզպետն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի Միավորված Ազգերի Զարգացման Ծրագրի ներկայացուցիչներին
26.04.2022
Ապրիլի 26-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի ՄԱԶԾ-ի «Կայուն համայնքներ» ծրագրի ղեկավար Արման Վալեսյանին և ՄԱԿ-ի ՄԱԶԾ «Սոցիալ-տնտեսական» ծրագրի ղեկավար Աննա Գյուրջյանին։
ՄԱԶԾ ներկայացուցիչները խոսեցին իրենց համակարգման ոլորտներով մարզի սահմանամերձ համայնքներում և բնակավայրերում ներդրվող և արդեն իրականացվող տնտեսական, սոցիալական, ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված տարաբնույթ ծրագրերի մասին։
Անդրադառնալով «Սոցիալ-տնտեսական» զարգացման
ծրագրի բաղադրիչներին՝ Աննա Գյուրջյանը ներկայացրեց տեղահանվածներին և հյուրընկալողներին աջակցություն ցուցաբերելու բաղադրիչը, որը ենթադրում է նաև բազմաշունչ ընտանիքներին շարժական տնակներով ապահովելու գործընթացը։
Խոսվեց նաև սահմանամերձ համայնքներում և բնակավայրերում ծրագրի մաս հանդիսացող լուսավորության ցանցի անցկացման, գործազուրկներին և դասընթացավարներին եռամսյա վճարովի դասընթացների մասնակցության, երիտասարդական ծրագրերի ներդրման՝ այդ թվում երիտասարդության քաղաքականության մշակման և ուսումնական հաստատություններում լոբորատորիաների հիմնման մասին։
Միավորված Ազգերի Զարգացման Ծրագրի՝ «Կայուն համայնքներ» ծրագիրը, 2022 թվականին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում հացահատիկային մշակաբույսերի ցանքս կատարելու նպատակով «Ամբար» հիմնադրամին տրամադրում է աշնանացան ցորեն։
Հայաստանում ՄԱԿ-ի ՄԱԶԾ-ի «Կայուն համայնքներ» ծրագրի ղեկավար Արման Վալեսյանի տեղեկացմամբ «Ամբար» հիմնադրամի աշխատանքները կազմակերպելու նպատակով հատկացվել են գյուղատնտեսական գործիքներ և ալրաղաց, իսկ Ճամբարակ և Շողակաթ համայնքներում մեղվաբուծությամբ զբաղվող տնտեսություններին՝ 200 փեթակ, որպես աջակցություն այդ տնտեսություններին՝ մեղվանոցային գույքի բարելավման և արդյունավետ կառավարման մեխանիզմների ներդրման համար, առաջնահերթությունը տալով կանանց։
Ծրագրի միջոցով մարզում իրականացվել է նաև գյուղատնտեսական տեխնիկայի նորգման աշխատանքներ՝ թվով 15 շահառուների համար։
«ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիրը հայտարարել է «Ես Կարող եմ» երիտասարդական գաղափարների նախագիծ-մրցույթ: Նախագիծը միտված է աջակցել գյուղական բնակավայրերի երիտասարդությանը, որպեսզի իրենց կարողությունները, գիտելիքները, հոբբին ու սիրելի զբաղմունքը վերածեն բիզնեսի և գումար վաստակեն։
Նախագիծը ևս ուղղված է Գեղարքունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերում ապրող 18-30 տարեկան երիտասարդներին»,- նշեց Արման Վալեսյանը։
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ողջունեց ՄԱԿ-ի ՄԱԶԾ-ի շրջանակներում Գեղարքունիքի մարզի սահմանամերձ համայնքներում տնտեսությունների զարգացմանը միտված հումանիտար աջակցության, խոցելի խմբերի և երիտասարդության շրջանում իրականացվող ծրագրերի համար և վստահեցրեց, որ դրանք իրենց դրական ազդեցությունն են ունենում համայնքների զարգացման գործում և նպաստում են ծրագրերից օգտվող շահառուների ակտիվացմանն ու նրանց թվի ավելացմանը։
Գեղարքունիքի մարզպետը վստահեցրեց, որ մարզպետարանը պատրաստ է ակտիվ համագործակցություն ծավալել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ, մասնակցություն ցուցաբերել իրականացվելիք ծրագրերից բխող քննարկումներին և հնարավոր աջակցությամբ նպաստել դրանց ընդլայնմանը նաև մարզի այլ համայնքներում։