Նորություններ
Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ կորոնավիրուսի դեմ պատվաստումների ուղղությամբ հանրային իրազեկման աշխատանքները կազմակերպող մարզային հանձնաժողովի հերթական նիստը
26.04.2022
Ապրիլի 26-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների գործընթացը, այդ թվում նաև հանրային իրազեկման աշխատանքները կազմակերպելու և իրականացնելու նպատակով ստեղծված մարզային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Նավոյանը։ Նիստին մասնակցում էին հանձնաժողովի բոլոր անդամները:
Գեղարքունիքի մարզպետի տեղակալը ողջունեց հանձնաժողովի անդամներին, հերթական հանդիպումը կազմակերպելու համար, հույս հայտնելով, որ նման հանդիպումները հարկավոր է ավելի հաճախակի դարձնել, դրանով նպաստելով մարզում համավարակի դեմ պատվաստումների մարզային ցուցանիշի բարձրացմանը։
Հանձնաժողովի անդամները մանրամասն քննարկեցին համավարակի դեմ պատվաստումների ուղղությամբ մարզի համայնքներում, բնակավայրերում և բուժհիմնարկներում կատարված մշտադիտարկումները, այդ ուղղությամբ առկա խնդիրները և դրանց լուծմանն ուղղված միջոցառումների իրականացմանը վերաբերող հարցեր։
Նշվեց, որ մարզում դրական արդյունք է արձանագրվել տարեցների շրջանում արտագնա պատվաստումների ընթացքում, իսկ ընդհանուր պատվաստումների ընդգրկվածությունը բարձրացնելու համար առաջարկվեց տարբեր մեթոդներով բարձրացնել հանրային իրազեկվածության մակարդակը, մշակել և ձեռնարկել անհրաժեշտ այլ միջոցառումներ։
Անդրադառնալով առավել ցածր պատվաստումային ընդգրկվածություն ունեցող բուժհիմնարկներին՝ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Նավոյանն առաջարկեց նշված բուժհիմնարկների տնօրենների հետ կազմակերպել առանձին հանդիպումներ, քննարկել և հնարավորինս շտկել ստեղծված իրավիճակից բխող խնդիրները։ Մարզպետի տեղակալը հանձնաժողովի անդամներին հանձնարարեց շարունակել համագործակցված աշխատանքը նաև մարզի բոլոր բուժհիմնարկների տնօրենների հետ, նրանց ուշադրությունը ավելի հաճախ հրավիրելով իրենց ղեկավարած կառույցի կողմից իրականացվող աշխատանքների և գրանցված պատվաստումային արդյունքների վրա, ազգաբնակչության ընդգրկվածությունը պատվաստումային գործընթացներում ավելի բարձրացնելու համար։