Նորություններ
Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը
25.04.2022
Ապրիլի 25-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցեցին մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները։ Խորհրդակցությունը քննության առավ ապրիլի 18-ին մարզպետի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը։
Ընդլայնված քննարկում ծավալվեց 2022 թվականի ապրիլի 30-ին կայանալիք համապետական շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքների շուրջ։ Մազպետարանի պատասխանատու աշխատակիցները և ստորաբաժանումների ղեկավարներն, ըստ տրված հանձնարարականի, զեկուցեցին կատարված աշխատանքների մասին, մարզպետի հետ քննարկեցին առաջիկա անելիքները և ստացան լրացուցիչ հանձնարարականներ։ «Համապետական շաբաթօրյակի աշխատանքները պետք է կազմակերպվեն բարձր մակարդակով, բոլոր կառույցները պետք է աշխատեն համագործակցված կարգով՝ նախապես ունենալով աշխատանքային հստակ ծրագիր, մաքրման ենթակա քարտեզագրված տարածքների սխեմաներ։ Պետք է բացառել դպրոցահասակ երեխաների ներգրավումը միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհների եզրերի մաքրման աշխատանքներում ։ Միաժամանակ հորդորում եմ վարորդներին՝ համապետական շաբաթօրյակի ընթացքում խստիվ պահպանել երթևեկության կանոնները՝ դժբախտ դեպքերից խուսափելու նպատակով»,- նշեց մարզպետ Կարեն Սարգսյանը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև պետական աջակցության շրջանակներում իրականացվող գյուղատնտեսական ծրագրերի իրականացման, մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրային փաթեթները ժամանակին մարզպետարան ներկայացնելու, համավարակի դեմ պատվաստումների իրականացման, համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքին վերաբերող հարցեր։ Մարզպետ Կարեն Սարգսյանը տվեց նոր հանձնարարականներ, որոնք առնչվում էին միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոճանապարհների եզրերին նկատված ապօրինի կառուցապատումների կանխմանը, ոռոգման շրջանի նախապատրաստմանը, Ֆրանսիայի Իզերի և ՌԴ Օմսկի մարզերի հետ ունեցած համագործակցության հուշագրերի շրջանակներում նախատեսվող հանդիպումների կազմակերպմանը, ճանապարհների ամառային սպասարկման հետ կապված խնդիրներին։