Նորություններ
Գեղարքունիքի մարզում հարգանքի տուրք մատուցվեց Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին
24.04.2022
Ապրիլի 24-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Գավառ քաղաքում ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հուշաքարին: Ծաղկեդրման արարողությանը մասնակցեցին նաև Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթև վարդապետ Բարսեղյանը, Գեղարքունիքի մարզպետարանի և Գավառի համայնքապետարանի ներկայացուցիչներ, Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի անդամներ, մարզային և քաղաքային ենթակայության կրթամշակութային հաստատությունների, ուժային կառույցների ներկայացուցիչներ, հանրակրթական դպրոցների աշակերտներ:
Ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների՝ Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվեց կիրակնօրյա պատարագ և Սրբերի բարեխոսության կարգ, կատարվեց մոմավառություն: Ոգեկոչման և ազգային միաբանության խոսքով ներկաներին դիմեց Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթև վարդապետ Բարսեղյանը։ Հիշատակի արարողությունից հետո մարզպետ Կարեն Սարգսյանը, Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Պարթև վարդապետ Բարսեղյանը եւ արարողության մյուս մասնակիցները Գավառի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնում դիտեցին նույն թատրոնի դերասանների ուժերով բեմականացված Աղասի Այվազյանի «Աչքը ծոծրակին» ստեղծագործությունը։
Սիրելի հայրենակիցներ,
Ամեն տարի այս օրը՝ ոգեկոչելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, ազգովի խոնարհվելով մեր նահատակների հուշակոթող-շիրիմների առջև, մենք ավելի միասնական ենք դառնում մեր ժողովրդի պատմության մեջ անջնջելի հետք թողած այդ եղեռնագործությունը դատապարտելիս և որ կարևոր է՝ ապրելու և հարատևելու, աշխարհում մեր ուրույն տեղն ունենալու ձգտումը վերահաստատելիս:
Դարի մեծագույն հանցագործությունը՝ Հայոց ցեղասպանությունը մղում է մեզ համախմբելու մեր ուժերը հզոր ու բարգավաճ պետություն կերտելու, մեր ազգային անվտանգությունն ու արժանապատվությունը ամենից առաջ մեր ուժի շնորհիվ ապահովելու նպատակով:
Իմ երախտիքի խոսքն եմ ուղղում այն մարդկանց, ովքեր վառ են պահում պատմական հիշողությունն ու պայքարում են արդարության` Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման համար։
Այսօր, հարգանքի տուրք մատուցելով ցեղասպանության անմեղ նահատակներին, մենք գիտակցում ենք, որ պետք է շարժվենք առաջ, պետք է կարողանանք համախմբվել ազգային իղձերի ու նպատակների շուրջ, կառուցենք ուժեղ ու ժողովրդավարական պետություն, խաղաղ ու ժամանակակից երկիր, համայն հայության հզոր հայրենիք, ուր վերադառնում են Հայոց ցեղասպանության զոհերի և հրաշքով փրկվածների սերունդները: