Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ծովինարում հիմնվում է ագրոանտառ

23.04.2022

Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի հարավային բարձունքի վրա Գերմանիայի միջազգային զարգացման գործակալության տրամադրած միջոցների հաշվին հիմնվում է ագրոանտառ, որը զբաղեցնում է 3,5 հեկտար տարածք։
Ագրոանտառի հիմնման հայեցակարգը Մարտունի խոշորացված համայնքի Ծովինար գյուղում ներկայացրեց Գերմանիայի միջազգային զարգացման գործակալության խորհրդատու Հովիկ Սայադյանը։ Հայեցակարգի ներկայացմանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանը, «Սեւանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ծրագրի Գեղարքունիքի մարզի համակարգող Վարազդատ Սարգսյանը, «Գեղարքունիք» ՋՕԸ տնօրեն Արտաշ Սարդարյանը, Ծովինարի վարչական ղեկավար Արայիկ Թարփոշյանը, Ծովինար գյուղի բնակիչներ, շահագրգիռ այլ անձինք։
Ինչպես ներկայացրեց Գերմանիայի միջազգային զարգացման գործակալության խորհրդատու Հովիկ Սայադյանը՝ Ծովինարի ագրոանտառը հիմնվում է դեգրադացված վարելահողերում, ձեռք է բերելու գյուղատնտեսական ու բնապահպանական նշանակություն եւ նպաստելու է կլիմայի տաքացմամբ պայմանավորված մարտահրավերների դիմագրավմանը, անտառային շերտի ստեղծմանը, կենսաբազմազանության ապահովմանը, պտուղների արտադրությանը։
Ծրագրի իրականացման ընդհանուր բյուջեն կազմում է մոտ 26 միլիոն դրամ։ Այն իրականացվելու է մինչեւ 2026 թվականը, որից հետո հանձնվելու է Մարտունի համայնքի տնօրինությանը։
«Ագրոանտառը ցանկապատվում է բոլոր կողմերից, մեր կողմից պահվում է անտառապահի հաստիք, իսկ եթե ծրագիրն արդյունավետ իրականացվի, ապա նույն գոտում կընդարձակվի անտառային տարածքը»,- հավաստեց Հովիկ Սայադյանը։
Ագրոանտառի ստեղծման հայեցակարգը մանրամասնեց Ծովինարի ագրոանտառի հիմնադրման ծրագրիրն իրականացնող «Երիտասարդ անտառագետներ» ՀԿ նախագահ, վաստակավոր անտառագետ Անդրանիկ Ղուլիջանյանը։ Նա տեղեկացրեց, որ Ծովինարի ագրոանտառը տարածվում է 3,5 հեկտարի վրա եւ ունենալու է պաշտպանիչ շերտ։ Այստեղ տնկվում են հիմնականում անտառային պտղատու ծառատեսակներ եւ թփեր՝ անտառային տանձ, ընկուզենի, բալենի, կեռասենի, սալորենի, մոշենի եւ մամխենի։
Ագրոանտառի հուսալի պահպանության նպատակով արդեն կառուցվել է ցանկապատ, աշխատանքներ են տարվում ոռոգման համակարգի ապահովման ուղղությամբ։ «Առաջին հերթին ստեղծել ենք ագրոանտառի եռակի պաշտպանիչ շերտ՝ բարդի ակացիա եւ հացենի ծառատեսակներից։ Պտղատու ծառերի միջշարային հատվածներում տնկվում են մոշի 2000 եւ մամխի 1000 հատ թփեր։ Փորձնական կարգով կաճեցվի նաեւ ծնեբեկ։ Ընկույզի տունկը կկատարվի աշնանը։ Մնացած ծառատեսակներն ու թփերն արդեն տնկվում են։ Մնում է, որ բոլորս համատեղ ուժերով կազմակերպենք անտառի խնամքը»,-ներկայացրեց Անդրանիկ Ղուլիջանյանը։
Ինչպես վստահեցրեց Ծովինարի վարչական համայնքի ղեկավար Արայիկ Թարփոշյանը՝ ծովինարցիները անելու են հնարավորը՝ նորաստեղծ անտառը պահպանելու եւ նրա հետագա կենսունակությունն ապահովելու համար։ «Անտառի ստեղծման համար այնպիսի տարածք ենք ընտրել, որոնք դեգրադացված են եւ մեր գյուղի համար գյուղատնտեսական կարեւոր նշանակություն չունեն, բայց մյուս կողմից ունենք ազատ տարածքներ, որոնք կարող են օգտագործվել անտառայի շերտի հետագա ընդարձակման համար»,-նշեց Ծովինարի վարչական ղեկավարը։
Ծրագրի նշանակության մասին խոսեց նաեւ Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանը։ «Այս ծրագրի իրականացման գործում մեծ է նաեւ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի ներդրումը։ Մարզպետարանը նման կարգի ծրագրերին աջակցություն կցուցաբերի նաեւ այլ բնակավայրերում։ Ագրոանտառների հիմնումը մենք համարում ենք մարզպետարանի հիմնական ռազմավարություններից մեկը, որն արդեն կյանքի է կոչվում»։
Այնուհետ միջոցառումը շարունակվեց Ծովինարի ագրոանտառի տարածքում, որտեղ ընթանում են ծառատնկման աշխատանքները։ Ծառատունկին մասնակցում էին Ծովինար գյուղի բնակիչներ եւ դպրոցականներ, որոնց միացան նաեւ ծրագրի մյուս բոլոր շահառու կազմակերպությունների ներկայացուցիչները։
«Երիտասարդ անտառագետներ» ՀԿ նախագահ Անդրանիկ Ղուլիջանյանի հավաստմամբ՝ անտառատունկը կավարտվի առաջիկա մի քանի օրերի ընթացքում, իսկ հետագա խնամքի եւ պահպանության համար գործի կդրվեն բոլոր հնարավոր միջոցները։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52