Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում բացվեց «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ծրագրի իրականացման գրասենյակ

20.04.2022

Գեղարքունիքի մարզում տեղի ունեցավ Եվրոպական Միության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության կողմից համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Սեւանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ծրագրի եւ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից համատեղ իրականացվող «Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում» ՔՈՎԻԴ-19-ի արձագանքման ծրագրի շրջանակներում իրականացվող «Պատասխանատու եմ Սեւանի համար» 3-րդ միջոցառումը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Վիկտոր Ռիխտերը, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսը, ԳՄՀԸ Հայաստանյան գրասենյակի տնօրեն Մադլեն Ռաուշենբերգերը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, EU4Sevan ծրագրի ղեկավար Քրիստիան Հենշելը, ՄԱԶԾ կլիմայի, շրջակա միջավայրի, կայունության թիմի ղեկավար Հովհաննես Ղազարյանը, ՀԿ ներկայացուցիչներ:
Մասնակիցների առաջին կանգառը «Սեւան» Ազգային պարկի Վարդենիկի տեղամասում էր, որտեղ այս տարվա ապրիլի 1-ից իրականացվում են Սեւանա լճի ափամերձ անտառային ու ջրածածկման ենթակա տարածքների մաքրման աշխատանքներ։ Ինչպես տեղում ներկայացրեց «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Մնացականյանը, այս պահին մաքրման աշխատանքներում ընդգրկված 4 տեխնիկաներից մեկը՝ անիվավոր բեռնիչը, տրամադրվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից։ «Մեզ նվիրված անիվավոր բեռնիչը շատ արդյունավետ եւ ծավալուն աշխատանք է իրականացնում։
Շրջակա միջավայրի նախարարությանը ցուցաբերված տեխնիկական աջակցությունը կամրապնդի պարկի կարողությունները: Այն կօգնի՝ հաղթահարել ներքին կառավարման մարտահրավերները եւ ավելի արդյունավետ ու սեղմ ժամկետներում կազմակերպել ափամերձ տարածքներում աճող անտառների ճահճացած հատվածների մաքրումը՝ կանխելով լճի հետագա օրգանական աղտոտումը: Մաքրման աշխատանքներն ընթանում են կազմակերպված, մինչեւ ծովի մակերեւույթից մինչեւ 1901,5 մետր նիշի գոտում, 89 հեկտարի վրա։ Այս աշխատանքների շնորհիվ բացվել է 12 աշխատատեղ»,-ներկայացրեց Կարեն Մնացականյանը։
Այնուհետ միջոցառումները շարունակվեցին Գեղարքունիքի մարզպետարանում, որտեղ հյուրերը հանդես եկան «Սեւանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» եւ «Պատասխանատու եմ Սեւանի համար» ծրագրերի շուրջ տպավորություններով կիսվեցին եւ ողջույնի խոսքերով։ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը նշեց, որ Գեղարքունիքի մարզպետարանն անչափ կարեւորում է այս ծրագիրը եւ ցուցաբերում է պահանջվող աջակցությունն ու համագործակցությունը։ Ապա Գեղարքունիքի մարզպետարանի եւ «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ծրագրի ղեկավարի միջեւ ստորագրվեց համագործակցության համաձայնագիր։ Այնուհետ ներկաները մասնակցեցին «Սեւանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ծրագրի գրասենյակի պաշտոնական բացման արարողությանը։
Գրասենյակը գործելու է Գեղարքունիքի մարզպետարանի շենքում։ Գրասենյակի բացման արարողությունից հետո Գեղարքունիքի մարզպետարանի դահլիճում բացվեց «Թափոնարվեստ» ցուցահանդեսը, որը կազմակերպել էին «ԷԿՈսերվ» ծրագիրը եւ «Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» ՀԿ-ն:
Ներկայացված ցուցանմուշները Գեղարքունիքում բնակվող երիտասարդների և դպրոցականների աշխատանքներն էին, որոնք որպես հումք օգտագործվել էին Սևանա լճի մաքրման աշխատանքների միջոցով լճից դուրս բերված թափոններից:
Ցուցահանդեսի նպատակն էր՝ բարձրացնել հանրային իրազեկումն աղտոտվածության վերաբերյալ եւ փաստել Գեղարքունիքի մարզում աղբի վերամշակման հնարավորությունների մասին: Երիտասարդները ցույց տվեցին, որ թափոնը կարող է լինել հումք՝ կենցաղում օգտակար տարբեր իրեր պատրաստելու համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 13:14:47