Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանրային քննարկման ներկայացվեց Վարդենիկ և Ծովինար բնակավայրերի կեղտաջրերի հեռացման և համատեղ մաքրման համակարգի ստեղծման ծրագրային առաջարկը

12.04.2022

Մարտունի համայնքի Վարդենիկ գյուղում կայացած հանդիպման մասնակիցներին հանրային իրազեկման և քննարկման կարգով ներկայացվեց «Սևանա լճի ավազանի Վարդենիկ և Ծովինար բնակավայրերի կեղտաջրերի հեռացման և համատեղ մաքրման համակարգի ստեղծում» ծրագրային առաջարկը։
Քննարկմանը մասնակցեցին ծրագիրը նախաձեռնած «ՋԻՆՋ» ՍՊԸ տնօրեն Էդուարդ Մեսրոպյանը, բնապահպան Արևիկ Հովսեփյանը, «Գեղարքունիք» ՋՕԸ տնօրեն Արտաշ Սարդարյանը, Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանը, Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչներ, Վարդենիկ և Ծովինար գյուղերի բնակիչներ։
Ծրագրային առաջարկի մանրամասների մասին հանդիպման մասնակիցներին իրազեկեց «ՋԻՆՋ» ՍՊԸ տնօրեն Էդուարդ Մեսրոպյանը։ «Ծրագրի նպատակն է՝ ապահովել Սևանա լիճը սնող Վարդենիս գետի մաքրությունը՝ Վարդենիկ և Ծովինար բնակավայրերի ջրահեռացման համակարգերի ընդլայնմամբ և վերակառուցմամբ, նշված համայնքների կենցաղային կեղտաջրերի համատեղ մաքրման համար կոյուղու մաքրման կայանի կառուցմամբ և շահագործմամբ:
Առաջարկվող մաքրման կայանում կեղտաջրի լիարժեք մաքրումը, մասնավորապես` ազոտի խորը հեռացումը, հնարավորություն կտա՝ լճի ջրում վերականգնել ազոտ-ֆոսֆոր հարաբերակցությունը, ինչն իր հերթին կնպաստի էկոհամակարգի առողջացմանն ու վերականգնմանը։ Ծրագրի իրականացման արժեքը կազմում է շուրջ 9 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որի 80 տոկոսը լինելու է դրամաշնորհի, 20 տոկոսը՝ ներդրումների տեսքով։
Որպես ներդրող կարող են հանդես գալ ՀՀ կառավարությունը, համայնքապետարանը կամ առանձին բարերարներ։ Ծրագրի տևողությունը երկուսուկես տարի է։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Վարդենիկում և Ծովինարում կառուցել շուրջ 25 կլիոմետր երկարության կոյուղագիծ, Վարդենիս գետի վրա՝ կենսաբանական մաքրման կայան, ջրամատակարարման համակարգերի բարելավում, մաքրման կայանի, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի շահագործման ծառայության ստեղծում, շահագործող օպերատորի ընտրություն։ Այս ծրագիրը նաև ունենալու է օրինակելի և ցուցադրական բնույթ, քանի որ Սևան թափվող գետերի մեջ Վարդենիս գետն առաջինն է, որն ունենալու է կենսաբանական զտման կայան, որը լիովին մաքրում է Սևանա լիճը կոյուղու կեղտաջրերից, ուստի համոզված ենք, որ նույն օրինակով մաքրման կենսաբանական կայաններ կկառուցվեն նաև Սևան թափվող մյուս գետերի վրա, կստեղծվեն ջրամատակարարման և ջրահեռացման համակարգեր Սևանի ափամերձ մյուս բնակավայրերում, որոնց արդյունքում էլ Սևանա լիճը կձերբազատվի կենցաղային կեղտաջրերով աղտոտվելու սպառնալիքներից»,-ներկայացրեց «ՋԻՆՋ» ՍՊԸ տնօրեն Էդուարդ Մեսրոպյանը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-19 18:05:22