Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզի խորհրդի առաջին նիստում քննարկվեցին հրատապ ու առաջնահերթ նշանակության հարցեր

08.04.2022

Ապրիլի 8-ին Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ մարզի խորհրդի այս տարվա առաջին նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզի խորհրդի նախագահ, մարզպետ Կարեն Սարգսյանը։ Նիստին հրավիրված էին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչության պետը, «Գեղարքունիք» ՋՕԸ տնօրենը, մարզի համայնքների վարչական ղեկավարները։
«Գեղարքունիքի մարզի համայնքներում 2022 թվականի գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստման մասին» հարցի շուրջ զեկուցեց գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանը: Ըստ բանախոսի՝ մարզում հաջողվել է ապահովել ցանքի համար անհրաժեշտ սերմացուների պահանջարկը՝ օգտագործելով Հայաստանում սերմարտադրությամբ զբաղվող ընկերությունների հետ համագործակցության հնարավորությունները։ Մարզի համայնքներում արդեն գույքագվել է պետության կողմից սուբսիդավորված պարարտանյութերի հատկացման պահանջարկը։
«Ըստ համայնքներից ստացված հայտերի՝ մարզի տնտեսություններում գարնանացան աշխատանքներ իրականացնելու համար ներկայացվել է 4049 տոննա ազոտական, 45,3 տոննա ֆոսֆորական և 39,2 տոննա կալիումական պարարտանյութի պահանջարկ և շուտով կսկսվի պարարտանյութերի ներկրման և բաշխման գործընթացը։ Այս գարնանը կանխատեսում ենք ավելի քան 24 հազար հեկտար գարնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանք։ Կարծում ենք, որ այս տարի, պայմանավորված աշխարհում սպասվող պարենային ճգնաժամով, մեզ մոտ կավելանան նաև կարտոֆիլի, հատիկընդեղենի, կաղամբի, բանջարբոստանային այլ մշակաբույսերի ցանքերը։ Եղած տեխնիկական միջոցները բավարար են՝ գարնանացանը ժամանակին ավարտի հասցնելու համար։ Մեր կողմից մարզի համայնքներում ամենօրյա ռեժիմով գյուղատնտեսական խորհրդատվություններ անցկացնելու արդյունքում արդեն ի հայտ են եկել բազմաթիվ տնտեսություններ, ովքեր ցանկանում են դառնալ պետական աջակցությամբ իրականացվող գյուղատնտեսական ծրագրերի շահառուներ»,-զեկուցեց Մարտին Պետրոսյանը։
«ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման 2022 թվականի 1-ին եռամսյակի արդյունքների մասին» հարցի շուրջ զեկուցեց ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Յուրա Մուշեղյանը։ Նա նշեց, որ 2022 թվականի 1-ին եռամսյակի արդյունքներով մարզի կատարողական ցուցանիշների հավաքագրման մակարդակը կազմում է ընդամենը 73,7 տոկոս կամ պլանավորված 545 միլիոն 131 հազար 500 դրամի դիմաց փաստացի հավաքագրվել է 401 միլիոն 930 հազար 300 դրամ, որը գոհացուցիչ չի կարելի համարել։
«Մարզի միջինից բարձր ցուցանիշներ ապահովել են Ճամբարակ, Շողակաթ և Մարտունի, մարզի միջինից ցածր ցուցանիշներ՝ Վարդենիս, Սևան, Գավառ համայնքները: Հուսով ենք, որ երկրորդ եռամսյակի ընթացքում համայնքապետարանները կկարողանան ապահովել ավելի բարձր ու գոհացուցիչ արդյունքներ»,-զեկուցեց Յուրա Մուշեղյանը։
«ՀՀ Գեղարքունիքի մարզում 2022 թվականի ընթացքում կանխատեսվող գարնանային հեղեղումների, սելավների, սողանքների, վթարային կամուրջների փլուզման և հնարավոր քարաթափումների կանխարգելման, հետևանքների նվազեցման ու վերացման միջոցառումների մասին» հարցի շուրջ զեկուցեց տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Վանիկ Հարությունյանը։ Նա նշեց, որ հաշվի առնելով գարնանային առատ տեղումներն ու եղանակային տաքացման կանխատեսումները, ինչպես նաև գետերի վարարումներին նախապատրաստվելու ու հնարավոր հեղեղումների վնասները նվազագույնի հասցնելու անհրաժեշտությունը, Գեղարքունիքի մարզպետի որոշմամբ ձևավորվել է համապատասխան հանձնաժողով՝ 2022 թվականի ընթացքում հնարավոր վտանգները կանխարգելելու համար։
«Մարզպետարանը համայնքների հետ արդեն իսկ որոշակի կանխարգելիչ աշխատանքներ է իրականացրել, գույքագրվել են համայնքների տարածքում գարնանային վարարումների առումով վտանգավոր հատվածները, վթարային կամուրջները։ Քարտեզագրվել է համայնքներում առկա քարաթափման և սողանքային վտանգ ներկայացնող տարածքները։ Ամենօրյա աշխատանքային կապ ենք պաշտպանում ԱԻՆ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հետ»,-զեկուցեց Վանիկ Հարությունյանը։
«ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքներում 2021 թվականին իրականացված և 2022 թվականին նախատեսվող սուբվենցիոն ծրագրերի գործընթացի մասին» հարցի շուրջ զեկուցեց քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանը։ Նա նշեց, որ 2021 թվականին մարզի համայնքների կողմից մարզպետարանի միջոցով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն են ներկայացվել թվով 136 սուբվենցիոն ծրագրեր։ Ներկայացված ծրագրերից միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հաստատվել է 115 ծրագիր, որոնց նախնական արժեքը կազմել է շուրջ 7 միլիարդ դրամ։ 2022 թվականի ապրիլի 8-ի դրությամբ ավարտված է 77 ծրագիր։ 31 ծրագիր գտնվում է ընթացքի մեջ, 5 ծրագիր տարբեր պատճառներով չի իրականացվել։
«2021 թվականին իրականացված ծրագրերի շրջանակներում ասֆալտապատվել են 30,8 կիլոմետր ճանապարհներ և փողոցներ, կառուցվել է 93978 գծամետր փողոցային լուսավորության ցանց, կառուցվել և վերանորոգվել է 49317 գծամետր խմելու ջրագծեր, ինչպես նաև՝ 30893 գծամետր ոռոգման ցանց, շարունակվել են Ծովասարի և Զոլաքարի մանկապարտեզների, Մեծ Մասրիկի մշակույթի տան նոր շենքերի կառուցման շինարարական աշխատանքները, հիմնանորոգման փուլում են թվով 6 մանկապարտեզի շենքեր։ Աշխատանքները հիմնականում իրականացվում են հաստատված նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա, սակայն մշտադիտարկման արդյունքում հայտնաբերվել են որոշ թերություններ և անորակ աշխատանքներ։ 2019-2020-2021 թվականներին սկսած և չավարտված ծրագրերը տեղափոխվել են 2022 թվական և ՀՀ կառավարության որոշմամբ աշխատանքների կատարման ժամկետ է սահմանվել 2022 թվականի հոկտեմբերի 1-ը։ 2022 թվականին մարզի 6 համայնքների կողմից մարզպետարան են ներկայացվել 58 ծրագրեր, որոնք իրենց մեջ ներառում են 233 օբյեկտներ։ Ծրագրերի նախնական արժեքը կազմում է շուրջ 14 միլիարդ դրամ։ Ներկայացված բոլոր ծրագրերը հավանության են արժանացել միջգերատեսչական հանձնաժողովի կողմից։ Ներկայումս ընթացքի մեջ են համայնքների կողմից նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման աշխատանքները»,-զեկուցեց Արմեն Զոհրաբյանը։
Հանդես գալով ամփոփիչ խոսքով՝ Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի խորհրդի նախագահ Կարեն Սարգսյանը նշեց, որ օրակարգային բոլոր հարցերն էլ առաջնահերթ ու հրատապ կարգավորման նշանակություն ունեն, ուստի պետք է մեկտեղվեն բոլոր ջանքերը՝ դրական արդյունքների հասնելու համար։
«Հարկավոր է հետևողական աշխատանքներ տանել 2022 թվականին ՀՀ կառավարության կողմից գյուղատեսության ոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերն իրականացնելու, գարնանացանը ժամանակին ավարտի հասցնելու, ոռոգման շրջանին պատրաստ լինելու համար։ Միաժամանակ պետք է ամենօրյա աշխատանքներ տանել համայնքների 2022 թվականի բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ՝ սեփական եկամուտների ամսական և եռամսյակային համամասնություններով պահանջվող ցուցանիշներն ապահովելու համար։ 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերը մարզի համայնքների կողմից մարզպետարան ներկայացնելու վերջնաժամկետ է սահմանված 2022 թվականի ապրիլի 27-ը, իսկ մարզպետարանի կողմից Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ 2022 թվականի ապրիլի 30-ը, ուստի պետք է հաշվի առնել, որ թերի և ՀՀ գործող նորմերին չհամապատասխանող նախագծանախահաշվային փաստաթղթերը միջգերատեսչական հանձնաժողովի նիստում չեն քննարկվելու և դրանք լրամշակման են վերադարձվելու միայն մեկ անգամ։ Կանխատեսվող գարնանային հեղեղումների հետ կապված վտանգների կանխարգելման նպատակով հարկավոր է գույքագրել համայնքներում առկա տեխնիկան՝ ինքնաթափերը, էքսկավատորները, մղանները, բուլդոզերները, ավտոամբարձիչներ ունենալ վարարումների կառավարման ու վտանգների չեզոքացման սխեմաներ։ Առողջապահության ոլորտում անհրաժետ է հետևողական աշխատանքներ տանել համավարակի դեմ պարտադիր պատվաստումները շարունակելու և գործընթացն ապահովելու համար»,-հանձնարարեց Կարեն Սարգսյանը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 16:31:56