Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կանանց տոնի միամսյակին նվիրված հերթական միջոցառումը` Գավառի թատրոնում

07.04.2022

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ Կանանց տոնի միամսյակին նվիրված ցերեկույթների շարքը եզրափակվեց ապրիլի 6-ին` Գավառի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնում կայացած հանդիպմամբ: Տոնական միջոցառմանը հրավիրված էին Գեղարքունիքի մարզային ենթակայության կրթամշակութային և առողջապահական հաստատությունների, Գավառի պետական համալսարանի, Գեղարքունիքի մարզպետարանի, մարզի համայնքապետարանների և նրանց ենթակայությամբ գործող հիմնարկների, մարզի ուժային կառույցների, Գեղարքունիքի ՋՕԸ կին աշխատակիցներ:
Կանանց տոնի առթիվ ներկաներին ողջունեց և շնորհավորեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:
«Սիրելի կանայք, ջերմ զգացումներով շնորհավորում եմ ձեզ ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ։ Մեր ազգային նկարագիրը ձևավորող անկյունաքարերից մեկը եղել և միշտ կլինի հայ ընտանիքներում մոր հանդեպ տածած անսահման սերն ու նվիրվածությունը։ Հայ կինն իր առաքինի իմաստությամբ մշտապես անգնահատելի դեր է ունեցել ընտանիքում և ընդհանրապես հասարակության կյանքում՝ դարերով ձևավորված ավանդույթների և ազգային արժեքների պահպանման առաքելությամբ: Երախտագիտություն եմ հայտնում և գլուխ խոնարհում այն մայրերի առջև՝ ում զավակներն անմահացան հանուն հայրենիքի, մայրերի, որոնց որդիներն այս պահին էլ ծառայում են Հայոց բանակում ու ամուր պահում մեր երկրի սահմանները: Հայ մայրերն են, որ մեր ժողովրդին պարգևում են քաջ զինվորներ, և հատկապես այս օրերին տեղին է հիշել մեծն Նժդեհի խոսքերը. «Մայրերի ափերի մեջ պիտի փնտրել ազգի փրկությունը»։
Երախտապարտ եմ նաև մեր մանկավարժներին, քանզի նրանք իրենց մեծ ներդրումն են ունեցել անկախ պետականության կայացման կարևորագույն գործում։ Նրանք են պահպանել մեր լեզուն, մեր երիտասարդներին տվել գիտելիք, և որ ամենակարևորն է՝ ուսուցչի կերպարով է դաստիարակվել մեր երիտասարդ սերունդը: Մանկավարժներն են մեր ազգի մեջ այն արժեքները պահպանողը, որոնք դրդել են մեզ՝ հաղթահարել բոլոր դժվարությունները, հասնել հաղթանակների և կերտել մեր ես-ը:
Առիթը բաց չթողնելով՝ ուզում եմ նաև անդրադառնալ և ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել մեր բուժաշխատողներին, ովքեր համավարակի պայմաններում (և ոչ միայն համավարակի) օրուգիշեր պայքարել և պայքարում են հիվանդների կյանքի համար: Անգնահատելի է ձեր կողմից իրականացվող աշխատանքի դերն ու նշանակությունը հանրային կյանքում:
Այսօր դահլիճում ներկա են նաև ուժային կառույցների կին ներկայացուցիչներ: Ոստիկանությունը միշտ աչքի է ընկել թե՛ երկրի սահմանների պաշտպանության, թե՛ հասարակական կարգի պահպանման ընթացքում:
Սիրելի կանայք, գնահատանքի և մեծարման այս գարնանային հիասքանչ տոնի առթիվ մաղթում եմ ձեզ անսահման սեր, երջանկություն, առողջություն։ Թող գարուններն ու ժպիտները ձեր կյանքում լինեն անսպառ ու անհաշվելի, իսկ ձեր հոգատարությունը, սերը, ողջախոհությունն ու նվիրումը լինեն մեր մշտական ուղեկիցը։ Այս օրը մեզ համար ևս մի առիթ է՝ արտահայտելու մեր երախտագիտությունը ձեզ և պատրաստակամությունը՝ անելու ավելին հանուն մեր մայրերի, մեր կանանց, քույրերի ու դուստրերի: Թող միշտ լինեք հմայիչ ու գեղեցիկ», -նշեց մարզպետ Կարեն Սարգսյանը։
Միջոցառման մասնակից կանանց շնորհավորեց և օրհնության խոսք ասաց Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթև վարդապետ Բարսեղյանը:
Միջոցառման ընթացքում գրական-երաժշտական կատարումներով ներկաներին տոնական տրամադրություն պարգևեցին Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության մասնագետ Արփիկ Չքոլյանը, Սարուխանի արվեստի դպրոցի «Զանգեզուր» պարային համույթը և Նորատուսից երգիչ, վոկալիստ Էդգար Ավետիսյանը:
Այնուհետ միջոցառման մասնակիցները դիտեցին Երևանի Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասանների կողմից բեմադրված «Եվ նորից գարուն» ներկայացումը:
Տոնի առթիվ կանայք Գեղարքունիքի մարզպետի կողմից ստացան ծաղիկներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 16:31:56