Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետարանի եւ «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի միջեւ ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր

05.04.2022

Ապրիլի 4-ին Գեղարքունիքի մարզպետարանի եւ «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի միջեւ ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր։ Հուշագրի ստորագրումից առաջ «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության Գավառի եւ Ճամբարակի տարածքային ծրագրերի համակարգողներ Նարինե Ասատրյանը եւ Ռոզա Բարսեղյանը Գեղարքունիքի մարզպետին ներկայացրեցին ընթացիկ տարվա ընթացքում Գեղարքունիքի մարզի Ճամբարակի, Գավառի եւ Վարդենիսի տարածաշրջաններում «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերը, որոնք ունեն երեխայակենտրոն, սոցիալական եւ համայնքահեն ուղղվածություն։ «Մենք հիմնականում աշխատում ենք կյանքի դժվարին իրավիճակում հայտնված սոցիալապես խոցելի և անապահով ընտանիքների հետ։ Առավել խոցելի ընտանիքներից 240-ի հետ (638 երեխաներ), աշխատում ենք անհատական զարգացման ծրագրերով՝ ներառյալ Աղքատության փուլային հաղթահարման ծրագիրը։ Իրականացնում ենք աջակցության բազմաբնույթ այնպիսի ծրագրեր, որոնք շահառու ընտանիքներում կրճատում են աղքատությունը, ավելացնում եկամուտները։ Այդ ծրագրերը գյուղատնտեսական, արհեստագործական, ֆինանսական գրագիտության զարգացման, սոցիալական ուղղվածությունների ծրագրեր են, որոնք տալիս են իրենց դրական արդյունքները։ Շատ ենք կարեւորում «Նավակ» կենտրոնների, ինչպես նաեւ դպրոցներում մեր կողմից բացված երկարօրյա խմբակների դերը, որոնցում դասերից հետո թվով 554 երեխաներ ստանում են սնունդ եւ պատրաստում են իրենց դասերը՝ միաժամանակ սովորելով կյանքի հմտություններ եւ ստանալով մասնագիտական կողմնորոշում։ Հոգեւոր կրթություն ապահովելու համար համագործակցում ենք Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հետ, կազմակերպում ենք էքսկուրսիաներ եւ ամառային ճամբարներ։ Երեխաների հետ աշխատում են հոգեբաններ լոգոպեդներ, սոցիալական աշխատողներ։ Մշտական ու արդյունավետը համագործակցություն ենք ծավալում Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության, կրրթության, մշակույթի եւ սպորտի, ՏԻ եւ ՀԳՄՀ վարչությունների, կանանց, ընտանիքի եւ երեխաների ու զարգացման ծրագրերի, վերլուծության եւ տուրիզմի բաժինների հետ։ Հուսով ենք, որ մեր համագործակցությունը կունենա արդյունավետ շարունակություն»,-ներկայացրեցին Նարինե Ասատրյանը եւ Ռոզա Բարսեղյանը։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը շեշտեց, որ մարզպետարանը բոլոր խնդիրներում շարունակելու է աջակցել «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերին, անելու է հնարավորը, որպեսզի դրանց արդյունքներն ավելի շոշափելի լինեն եւ ընթանան առանց խնդիրների կամ խոչընդոտների։ «Մենք շատ ենք կարեւորում ձեր կազմակերպության կողմից մարզում իրականացվող ծրագրերը, քանի որ դրանք ուղղված են սոցիալապես խոցելի խմբերի երեխաների, նրանց ընտանիքների կյանքի բարելավմանը։ Մարզպետարանի շահագրգիռ ստորաբաժանումները եւս բոլոր խնդիրներում պատրաստակամ են աջակցելու ձեզ»,-հանդիպումն ամփոփեց մարզպետ Կարեն Սարգսյանը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 16:31:56