Նորություններ
«Մարտական Խաչ» 2-րդ աստիճանի հուշամեդալով հետմահու պարգևատրվել է Շոթա Արմենակի Գևորգյանը
04.04.2022

Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով «Մարտական Խաչ» 2-րդ աստիճանի հուշամեդալով հետմահու պարգևատրվել է 2020 թվականի Արցախյան պատերազմում հայրենիքի սահմանները պաշտպանելիս հերոսաբար զոհված, ժամկետային զինծառայող, Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն բնակավայրից Շոթա Արմենակի Գևորգյանը:
Հուշամեդալը ապրիլի 4-ին հերոսի մորը հանձնեցին Գեղարքունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը, ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման զորահավաքային բաժնի պետ Բենիկ Սարգսյանը և Ներքին Գետաշենի վարչական ղեկավար Ռուբեն Զուլոյանը:
Սևակ Խլղաթյանը զրուցեց զոհված հերոսի հարազատների հետ, հնչեցրեց սփոփանքի և մեծարանքի խոսքեր: «Մենք խոնարհվում ենք հերոս Շոթա Գևորգյանի հիշատակի առջև: Անգնահատելի է նրա և իր ծառայակից շատ ու շատ հերոսացած տղաների դերը մեր հայրենիքի սահմանների պաշտպանության գործում: Նրանք մարտնչեցին թշնամու դեմ, ցուցաբերեցին արիություն և խիզախություն, որպեսզի մենք և մեր սերունդները շարունակեն ապրել, արարել, շենացնել և հզորացնել մեր հայրենիքը: Մենք պարտավոր ենք ամուր պահել մեր երկրի սահմանները և կառուցել այնպիսի երկիր, որի մասին երազում էին մեր քաջ տղաները և որի համար նրանք չխնայեցին իրենց կյանքը»,- նշեց Սևակ Խլղաթյանը: Մարզպետարանի գլխավոր քարտուղարը զրույցի ընթացքում հավաստիացրեց, որ Գեղարքունիքի մարզպետարանը, ի դեմս Գեղարքունիքի մարզպետի, կանգնած է նման ընտանիքների կողքին և անհրաժեշտության դեպքում պատրաստ է ցուցաբերել աջակցություն: