Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Մանկական գրքի շաբաթ 2022»-ը մեկնարկեց Գեղարքունիքի մարզում

01.04.2022

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի և Հայաստանի գրողների միության Գեղարքունիքի մարզային բաժանմունքի ղեկավար, արձակագիր Տիգրան Նիկողոսյանի միջև կայացած պայմանավորվածության համաձայն` 2022 թվականի ապրիլի 1-ին Գավառի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ «Մանկական գրքի շաբաթ 2022»-ի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Հայաստանի գրողների միության Գեղարքունիքի մարզային բաժանմունքի ղեկավար, արձակագիր Տիգրան Նիկողոսյանը, բանաստեղծ Լևոն Բլբուլյանը, «Ծիծեռնակ» մանկական ամսագրի գլխավոր խմբագիր և գրողների միության մանկական գրականության բաժանմունքի ղեկավար Անուշ Վարդանյանը, արձակագիր Ռուբիկ Ստեփանյանը,մարզի կրթական հաստատությունների ներկայացուցիչներ, գրողներ, վաստակաշատ մանկավարժներ: Մինչ արարողության մեկնարկը Գեղարքունիքի մարզպետարանում հյուրերին ընդունեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը: Վերջիններս զրուցեցին մարզում առկա գրական կյանքի, մարզի գրողների ստեղծագործական աշխատանքների և հրատարակված գրքերի մասին: «Մանկական գրքի շաբաթ 2022»-ի բացման արարողության մեկնարկից առաջ մասնակիցները հնարավորություն ունեցան` մասնակցելու տեղում կազմակերպված մանկական գրքերի և մարզի շնորհալի սաների ձեռքի աշխատանքների ցուցահանդեսին, ողջունեցին և գրքեր նվիրեցին միմյանց: Այնուհետև թատրոնի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում մանկագիրների և մարզի հանրակրթական դպրոցների 5-9-րդ դասարանների շնորհալի աշակերտների միջև:
Բացման արարողության ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկավ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը: «Հայաստանի գրողների միության հարգարժան նախագահ, հարգելի գրողներ, տիկնայք և պարոնայք: Այսօր մենք պատիվ ունենք` մեզ մոտ անցկացնելու մանկապատանեկան գրքի շաբաթը, որի շնորհիվ մեր դպրոցականները կենդանի շփում կունենան ժամանակակից գրողների հետ, կլսեն նրանց կենդանի խոսքը, իրենց մեջ սեր կարթնացնեն մայրենի լեզվի ու գրականության, մշակույթի ու արվեստի հանդեպ։ Մեր մարզի հանրային ու դպրոցական գրադարանները հագեցած են մանկապատանեկան գրականությամբ, և վստահորեն կարելի է ասել, որ դրանք ունեն իրենց ակտիվ ընթերցողները։ Բայց առավել լավ է, որ նման կարգի միջոցառումները խթանում են կապը Հայաստանի գրողների միության և կրթամշակութային հաստատությունների միջև, քաջալերում ստեղծագործական դիրքերով օժտված դպրոցականներին։ Լիահույս եմ նաև, որ մեր երեխաների շարքերում են հասունանում վաղվա շնորհալի գրողներն ու արվեստագետները։ Շատ կարևոր է նաև տեղեկատվական տեխնոլոգիաների այս դարաշրջանում դպրոցականներին կապել գրքի ու գրականության, ընթերցանության, հայրենագիտական առարկաների հետ` նրանց դաստիարակելով ազգային ու համամարդկային հոգևոր արժեքներով։ Նույնքան համոզված եմ, որ ամենամյա այս միջոցառումը ծառայում է հենց այդ առաքելությանը։ Շնորհավորում եմ բոլորիս մանկապատանեկան գրքի շաբաթվա առթիվ, մաղթում բարձր ու պայծառ տրամադրություն, գրական հաճելի մթնոլորտ, ստեղծագործական եռանդ։ Մանկական գրքի շաբաթվա շրջանակներում կազմակերպվող աշխատանքներին աջակցելու համար շնորհակալություն ենք հայտնում նաև Հայաստանի Հանրապետության գրողների միության Գեղարքունիքի մասնաճյուղի ղեկավար պարոն Նիկողոսյանին»,- նշեց մարզպետ Կարեն Սարգսյանը:
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ով կարևորեց գիրք կարդալու գործընթացը, նշելով, որ այն մեծապես նպաստում է, որպեսզի մարդու մեջ ձևավորվի կիրթ, խելացի, զարգացած և առաքինի լինելու կերպարը: Գրողների միության նախագահը նաև կարևորեց մարզի կապը Հայաստանի գրողների միության հետ, որը, ըստ Միլիտոնյանի, ապահովում է Հայաստանի գրողների միության Գեղարքունիքի մարզային բաժանմունքի ղեկավար, արձակագիր Տիգրան Նիկողոսյանը, ով գրական վստակի համար խրախուսվեց Հայաստանի գրողների միության հուշամեդալով:
Օրվա առթիվ միջոցառման մասնակիցներին շնորհավորեցին, իրենց խոսքերով և ստեղծագործություններով ողջունեցին նաև արարողության մասնակից մանկագիրները և գրողները, որոնք, ինչպես նաև Գեղարքունիքի մարզպետը, պատասխանեցին դպրոցականների կողմից առաջադրված բազմաբովանդակ հարցերի: Դպրոցականներն էլ իրենց հերթին հանդես եկան միջոցառման մասնակից մանկագիրների և տարբեր գրողների ստեղծագործությունների կատարմամբ:
«Մանկական գրքի շաբաթ 2022»-ի բացման հանդիսավոր արարողությունը համեմվեց մարզի կրթամշակութային հաստատությունների շնորհալի սաների գեղարվեստական կատարումներով:
Արարողությունը եզրափակվեցին դպրոցականները` Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության կատարմամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-19 18:05:22