Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ Գավառի թատրոնում տեղի ունեցավ «Իմ փոխարեն» խորագիրը կրող ցերեկույթ

31.03.2022

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ մարտի 30-ին Գավառի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի դահլիճում տեղի ունեցավ «Իմ փոխարեն» խորագիրը կրող ցերեկույթ` նվիրված կանանց տոնի միամսյակին։ Գեղարքունիքի մարզպետարանի կողմից ցերեկույթին հրավիրված էին Արցախյան 44-օրյա և Ապրիլյան պատերազմներում զոհված հայորդիների մայրեր, քույրեր, կանայք, դուստրեր, հարազատներ: Ցերեկույթին ներկա էին նաև մարզի ուժային կառույցների ղեկավարներ, Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, այլ պաշտոնյաներ։
Ներկաները դիտեցին Երևանի Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի կողմից բեմադրված «Մինուս երկու» ներկայացումը:
Ցերեկույթի բացման խոսքով հանդես եկավ մարզպետ Կարեն Սարգսյանը: Դիմելով հրավիրվածներին նա նախ շնորհավորեց նրանց կանանց տոնի առթիվ, մաղթելով քաջ առողջություն և ամենայն բարիք, ապա խոնարհումի և երախտագիտության խոսքեր հնչեցրեց նրանց և հերոսացած տղաների հասցեին:
«Սիրելի մայրեր, դուք եք մեր Հայոց աշխարհին կենդանություն ու շունչ տված, մեզ սնած ու դաստիարակած, մարդասիրություն ու հայրենասիրություն ներշնչած կանայք, կյանքի դժվարությունների դեմ պայքարող, մեր ընտանիքների բարօրության, մեր հայրենիքի խաղաղության ու շենության համար մաքառող, պաշտելի անձնավորությունները, որոնց առջև միշտ խոնարհ ու երախտապարտ ենք մենք, որոնց առջև միշտ որդիական պարտք ունենք կատարելու։
Դուք քաջալերեցիք Արցախյան ազատամարտը, հայ հայրենիքի պաշտպանության գաղափարը սերմանելով ձեր զավակների մեջ:
Դժվար է հիմա սփոփանքի բառեր գտնել, անհնար է վերադարձնել ձեր ու բոլորիս թանկ կորուստները, սակայն այդ համազգային ցավի կողքին այսօր բոլորիս մեջ խոսում է հպարտության այն զգացումը, որ բոլոր թանկագին կորուստները եղել են հայրենափրկության, հայրենի հողի ազատության համար։
Մեր քաջարի մարտիկները պայքարեցին, որպեսզի ապրի հայկական աշխարհը, որպեսզի գալիք սերունդների բոլոր արշալույսները խաղաղ բացվեն։
Դուք ոչ միայն հերոսների մայրեր եք, այլ նաև հերոս մայրեր, որոնց ափերի մեջ է մեր հայրենիքի ներկան ու ապագան, անցնելիք ճանապարհը։ Դուք գիտեք տոկալ, գիտեք մարտնչել ու արարել, համբերել ու սիրել, նոր ուժ ու ոգի, հույս ու հավատ հաղորդել դժվարին օրեր ապրող Հայաստանին, նրա բազմաչարչար զավակներին։
Այսօր մենք ձեզ հրավիրել ենք ոչ այնքան մեծարման հանդեսի, որքան` որդիական խոնարհման ու երախտագիտության անսահման խոստովանության։ Մենք խոնարհ ենք ձեր մայրական վեհ սիրո, ձեր ծով բարության, անձնազոհության, տոկունության, հայրենիքին մատուցած անգնահատելի ծառայության համար։ Մենք համատեղ դեռ երկար ենք մաքառելու այն հայրենիքի, այն գաղափարի համար, հանուն որի պաշտպանության իրենց կյանքերը չխնայեցին մեր եղբայրները: Մենք շենացնելու և զորացնելու ենք մեր հայրենիքն այնքան, որ այլևս ոչ մի թշնամի երբևէ չփորձի սպառնալ նրան, որ այդ հայրենիքում հավաքվի աշխարհասփյուռ հայությունը և կերտի իր լուսավոր ու երջանիկ ապագան։ Մենք հավատում ենք այդ լուսավոր նպատակին ու ժամանակներին, քանզի այդ հույսն ու հավատը դուք եք մեզ ներշնչում ձեր աննկուն կամքով ու ոգով։
Թույլ տվեք շնորհավորել ձեզ կանանց տոների միամսյակի կապակցությամբ, ցանկանալ քաջ առողջություն, ամենայն բարիք։ Թող միշտ ծաղկեն և բազմանան ձեր փառավոր օջախները, թող կորուստները փոխհատուցվեն նոր ծնունդներով, թող օրհնյալ լինեն մեր հերոս տղաների շիրիմներն ու սուրբ անունները, թող բոլորիս վրա ժամ առաջ ծագի խաղաղության արշալույսը»,- նշեց Կարեն Սարգսյանը:
Միջոցառման մասնակիցներին ողջունեց և օրհնության խոսքեր հնչեցրեց Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթև վարդապետ Բարսեղյանը:
«Իմ փոխարեն» խորագիրը կրող ցերեկույթը շարունակեցին Գավառի պետական համալսարանի և պետական կոնսերվատորիայի շնորհալի ուսանողներ, ովքեր հանդես եկան գրական-երաժշտական կատարումներով:
Որդեկորույս մայրերին իր խոսքը հղեց նաև Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսացած Վահագն Աֆրիկյանի այրի Վարդինե Հայրապետյանը. «Մենք պետք է շատ ուժեղ լինենք, քանզի դրան են սպասում մեր զավակները, գալիք սերունդները։ Դրանով միայն մենք կնպաստենք մեր հայրենիքի շենացմանն ու հզորացմանը։ Մեծարգո մարզպետ, խորապես շնորհակալ ենք նման միջոցառման համար։ Այն ապրեցնող է և նպաստում է, որպեսզի մենք հարգված ու գնահատված զգանք մեզ և վերստին համոզվենք, որ մենք մեր վշտի հետ մենակ չենք»,-նշեց տիկին Վարդինեն։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 16:31:56