Նորություններ
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը՝ Թատրոնի միջազգային օրվա առթիվ
27.03.2022

Սիրելի հայրենակիցներ
Այսօր աշխարհով մեկ նշվում է Թատրոնի միջազգային օրը, ինչը լավագույն առիթ է` հավուր պատշաճի գնահատելու արվեստի կարեւորագույն ճյուղերից մեկի դերն ու նշանակությունը հանրային կյանքում, թատերական գործիչների ստեղծագործական հաջողություններն ու ձեռքբերումները։
Թատերական արվեստը սկիզբ է առել անհիշելի ժամանակներից և մարդկությանը ուղեկցել մինչ և մեր օրերը` համամարդկային ու գեղագիտական արժեքներով դաստիարակելով սերունդներին։ Այդ գործին ծառայել են ինչպես արքունի, այնպես էլ ժողովրդական շրջիկ թատրոնները։
Գեղարքունիքի մարզում թատերական ավանդները սկզբնավորվել են Գավառ քաղաքում, 19-րդ դարի վերջերին և անխափան ընթացքով շարունակվում են նաև մեր օրերում։
Գավառի Լ.Քալանթարի անվան պետական թատրոնի բեմում հանդես են եկել հայկական թատերական արվեստի բազմաթիվ հանրաճանաչ դեմքեր` հանձինս Վահրամ Փափազյանի, Հրաչյա Ներսիսյանի, Վարդուհի Վարդերեսյանի, Կարպ Խաչվանքյանի , Ռաֆայել Քոթանջյանի և այլոց։
Իսկ Գավառի պետթատրոնն իր գոյության ընթացքում հանդիսատեսին ներկայացել է բազմաթիվ հետաքրքիր ու բովանդակալից ներկայացումներով` բեմականացնելով հայ և համաշխարհային դրամատուրգների արժեքավոր ստեղծագործությունները։
Թատրոնը եղել և մնում է այն կարևոր միջավայրը, որտեղ կենդանի խոսքի միջոցով դերասանը ներկայացնում է մարդկային հույզերի և ձգտումների աշխարհը, հանդիսատեսին հաղորդակցում մարդասիրական ու ազգասիրական վեհ գաղափարներին, պատմությանն ու մշակույթին, անցյալին ու ներկային։
Անգնահատելի է թատրոնի դերը մարդու հոգևոր կյանքում։
Թատրոնի միջազգային օրվա առթիվ
ջերմորեն շնորհավորում եմ թատերական գործիչներին , մաղթում քաջ առողջություն, խաղաղ հայրենիք, ստեղծագործական անսպառ եռանդ, նորանոր ձեռքբերումներ ու հաջողված բեմականացումներ։
Շնորհավորանքներս եմ հղում նաև թատերասեր հանրությանը։
Լավագույն ցանկություններով`
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյան