Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ աղբավայրերի շահագործման կանոնների պահպանման հետ կապված խորհրդակցություն

25.03.2022

Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրված խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մարզի համայնքների աղբավայրերում շահագործման կանոնների պահպանման հետ կապված խնդիրները։ Խորհրդակցությունը վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը։ Խորհրդակցությանը մասնակցեցին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկակարարական վարչության ներկայացուցիչներ, Գեղարքունիքի մարզի Գավառ, Սեւան, Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ, Շողակաթ համայնքների ղեկավարների տեղակալները, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ։
Մարզպետի տեղակալի ներկայացմամբ՝ հատկապես եղանակների տաքանալուն պես շատ կարեւոր է աղբավայրերի շահագործման կանոնների խիստ պահպանումը եւ վերահսկողության սահմանումը՝ շրջակա միջավայրը հնարավոր աղտոտումից զերծ պահելու, հրդեհավտանգ իրավիճակը կանխարգելելու տեսանկյունից։
«Կարեւոր հարցը շահագործվող աղբավայրերում հրեհավտանգ իրավիճակի կանխարգելումն է։ Դրա համար անհրաժեշտ է աղբավայրերում ստեղծել անջրպետներ, որպեսզի այրվող աղբի կրակը չտարածվի շրջակայքում։ Պետք է նաեւ ունենալ տեխնիկական պատրաստի հնարավորություններ՝ հրդեհավտանգ իրավիճակում առաջին կանխարգելիչ գործողություններն իրականացնելու համար, մինչեւ որ արագ արձագանքման խմբերը դեպքի վայր կհասնեն։ Չորային եղանակների շրջանում մենք գործում ենք գերբեռնված, ուստի այստեղ համայնքները պետք է մեզ հետ մշտապես համագործակցեն։ Ցանկալի է, որ Շողակաթ համայնքի օրինակով մյուս տեղերում եւս ստեղծվեն կամավոր փրկարարական հենակետեր։ Մեր կողմից կտրամադրվեն համապատասխան տեխնիկական միջոցներ, կամավորների համար կկազմակերպվի ուսուցում»,-ներկայացրեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ Գարիկ Հակոբյանը:
Համայնքների ղեկավարների տեղակալները հայտնեցին իրենց պատրաստակամությունը՝ Գեղարքունիքի մարզպետարանի եւ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հետ համագործակցելու ուղղությամբ։
«Ընթացքի մեջ է «Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզի կոշտ թափոնների կառավարման ծրագրի» իրականացումը, որի արդյունքում Հրազդանում շահագործման կհանձնվի սանիտարական աղբավայրը, որտեղ եւ պետք է տեղափոխվի Գեղարքունիքի մարզից հավաքված կենցաղային աղբը։ Սակայն մինչ այդ հարկավոր է խստիվ պահպանել աղբավայրերի շահագործման կանոնները, մշտապես կատարել աղբածածկման աշխատանքներ, ստեղծել հրդեհների տարածումը կանխարգելող անջրպետներ, աղբավայրերի շրջակայքում հաճախակի կազմակերպել սանմաքրման աշխատանքներ կամ շաբաթօրյակներ»,-խորհրդակցությունն ամփոփեց մարզպետի տեղակալը։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-19 18:05:22