Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետարանի և «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր

23.03.2022

Մարտի 22-ին Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի և «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի միջև կնքվեց համագործակցության հուշագիր։ Այն ստորագրեցին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի ռեկտոր Դավիթ Խիթարյանը:
Ըստ հուշագրի` համագործակցության շրջանակներում Գեղարքունիքի մարզպետարանը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտին ներկայացնում է մարզի հանրակրթական դպրոցներում «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի դասավանդման և մարզադպրոցներում մարզումների կազմակերպման, ֆիզիկական կուլտուրայի կիրառման արդյունավետության բարձրացման, հանրային առողջության քարոզչության ոլորտներում Գեղարքունիքի մարզում առկա խնդիրները, որոնց ուսումնասիրման և այդ ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա ինստիտուտի մասնագիտական ամբիոններում ձևավորվում է մագիստրոսական թեզերի, ատենախոսությունների և այլ գիտագործնական աշխատանքների թեմաներ։
Հուշագրի շրջանակներում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտը պատրատակամություն է հայտնում՝ իր ուսանողներին առաջարկել պրակտիկ թեմաներ՝ Գեղարքունիքի մարզում հետազոտություններ իրականացնելու համար, իսկ Գեղարքունիքի մարզպետարանը իր պատրաստակամությունն է հայտնում՝ գործուն և առարկայական աջակցություն ցուցաբերել այդ հետազոտությունների անցկացման ընթացքում:
Ելնելով ստորագրված հուշագրի գործողության շրջանակներից՝ կողմերը պարտավորություն են կրում նաև ներդրումային, նորարարական, անվանական կրթաթոշակների, դրամաշնորհային ծրագրերի հա¬մա¬տե¬ղ իրականացման շուրջ, գիտական համաժողովների, սեմինարների, խորհրդակցությունների կազմակերպման միջոցով, ինստիտուտի և մարզպետարանի գործունեության ոլորտներին առնչվող համապատասխան նյութերի հրատարակման գործում ըստ աշխատանքային անհրաժեշտության, մարզաբազաների, տարածքների, գույքի օգտագործման, երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող ուսումնակրթական բնույթի ծրագրերի, այդ թվում՝ համապատասխան ոլորտներում հետազոտությունների, փորձաքննությունների իրականացման շուրջ, ինստիտուտի ուսանողների մասնագիտացմանն առնչվող գիտագործնական և մասնագիտական կատարելագործման, ինչպես նաև գիտելիքների և հմտությունների ներդրման ուղղություններով։ Հուշագիրը կողմերի համար չի առաջացնում ֆինանսական պարտավորություններ:
Կայացած զրույցի Դավիթ Խիթարյանը ներկայացրեց բուհի հնարավորությունները և երեք կարևոր ուղղություններ, որոնք մեծ հետաքրքրություն կարող են առաջացնել ավարտական դասարանների սաների շրջանում` նշված բուհում ուսումը շարունակելու հարցում: Դրանք վերաբերում են մարզական լրագրության ֆակուլտետում ընդունելության քննությունների անցկացման կարգին, դպրոցների համար բարձր որակավորում ունեցող ֆիզիկուլտուրայի ուսուցիչների և ֆիտնես- մարզիչների պատրաստմանը: Ռեկտորը խոսեց նաև բուհում սահմանված ուսման վարձավճարների, պետպատվերից օգտվելու հնարավորությունների, ուսումնական թոշակների և ուսանողին տրվող այլ արտոնությունների մասին:
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն իր պատրաստակամությունը հայտնեց հուշագրի շրջանակներում ծավալվող աշխատանքների իրականացմանն աջակցելու հարցում և հույս հայտնեց, որ համագործակցության արդյունքում հնարավոր կլինի ապահովել տեսանելի արդյունքներ:
«Ես ողջունում եմ Ձեր այցը Գեղարքունիքի մարզ և կարևորում Գեղարքունիքի մարզպետարանի և «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի միջև պաշտոնապես ձևավորված համագործակցությունը: Կարծում եմ, որ այն կնպաստի, որպեսզի մարզի ավարտական դասարաններից ավելի մեծ թվով շրջանավարտներ իրենց ուսումը շարունակեն այս բուհում, ինչն էլ իր նպաստը կունենա Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցներում մատաղ սերնդի ֆիզիկական դաստիարակության զարգացման գործում: Գեղարքունիքի մարզի դպրոցները ֆիզկուլտուրայի ուսուցիչների լուրջ պահանջարկ ունեն, և ես լիահույս եմ, որ այս համագործակցությամբ մենք կլուծենք նաև այդ խնդիրները՝ մարզի դպրոցներում ֆիզկուլտուրա առարկան բարձր հիմքերի վրա դնելով»,- նշեց մարզպետ Կարեն Սարգսյանը:
Ըստ կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածության՝ հիմնադրամի դասախոսներից ձևավորված աշխատանքային խումբը առաջիկայում կայցելի մարզի դպրոցներ և հանդիպումներ կունենա դպրոցականների հետ: Այս և հուշագրից բխող այլ դրույթների իրականացման աշխատանքներում կներգրավվի Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը:
«Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի գիտական խորհրդի որոշմամբ Գեղարքունիքի մարզպետ, հիմնադրամի շրջանավարտ Կարեն Սարգսյանն արժանացել է «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի առաջին ռեկտոր Հայկ Փարսադանյանի անվան հոբելյանական մեդալի՝ հասարակական- քաղաքական դաշտում բուհի հանդեպ ցուցաբերած պատասխանատու վերաբերմունքի, նրա դերի բարձրացման և մեծ նվիրումի համար: Հանդիպման ավարտին հուշամեդալը մարզպետ Կարեն Սարգսյանին շնորհեց հիմնադրամի ռեկտոր Դավիթ Խիթարյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 16:31:56