Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի անդրադարձը Ջրային ռեսուրսների համաշխարհային օրվան

22.03.2022

Ջրի համաշխարհային օրը նշվում է ամեն տարի մարտի 22-ին՝ քաղցրահամ ջրային ռեսուրսների կարևորության մասին իրազեկվածությունը բարձրացնելու և խթանելու դրանց կայուն կառավարումը:
Ջուրը կյանքի հիմնասյուներից մեկն է, որը ոչ միայն անհրաժեշտ է ծարավը հագեցնելու կամ առողջությունը պաշտպանելու համար, այն կենսական նշանակություն ունի աշխատատեղեր ստեղծելու և տնտեսական, սոցիալական ու մարդկային զարգացմանն աջակցելու համար:
Բնապահպանական մի շարք նշանակալի ամսաթվերի շարքում այս օրը հատկապես կարևոր է, քանի որ մարդկությանը խմելու ջրի բավարար քանակով և ընդունելի որակով ապահովելու հարցը դառնում է գլոբալ բնապահպանական խնդիր բոլոր երկրների համար:
Մտահոգություն է առաջացնում ոչ միայն խմելու ջրի սակավությունը, այլև դրա որակը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ աշխարհում տարեկան ավելի քան 500 միլիոն մարդ հիվանդանում է անորակ ջրի օգտագործումից։
Վնասակար ազդեցություն է ունենում մարդկանց՝ տնտեսական գործունեության արդյունքում թունաքիմիկատներով, ծանր մետաղներով, չմշակված կոյուղաջրերով և ռադիոակտիվ արտանետումներով ջրային զարկերակների խցանումը:
Մարտի 22-ը բացառիկ հնարավորություն է մարդկությանը հիշեցնելու շրջակա միջավայրի և հասարակության զարգացման համար ջրային ռեսուրսների ծայրահեղ կարևորության մասին։ Այս օրը հնարավորություն է ընձեռում ավելին իմանալ ջրային խնդիրների մասին, ոգեշնչվել, իրազեկել ուրիշներին և միջոցներ ձեռնարկել՝ իրավիճակը դեպի լավը փոխելու համար:
Բոլոր երկրների բնապահպանները, նշելով Ջրի համաշխարհային օրը, հանրության ուշադրությունը հրավիրում են ջրային մարմինների վիճակի, մարդու առողջության համար անվտանգ ջրամատակարարման և ջրի ռացիոնալ սպառման խնդիրների վրա:
Հայաստանը զբաղեցնելով 29,743 քառ. կմ տարածք՝ ունի քաղցրահամ ջրերի մեծ պաշար:
Սևանը Հայաստանի Հանրապետության միակ լիճն է, որը դասվում է խոշոր լճերի շարքին և աշխարհի մեծ, բարձր-լեռնային, քաղցրահամ լճերից մեկն է: Այն երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է, որի ջրերը և ավազանի բնական ռեսուրսները Հայաստանի տնտեսության զարգացման հիմնաքարերից մեկն է:
Լիճը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի և տարածաշրջանի համար: Այն ոչ միայն սոցիալ-տնտեսական խնդիր է լուծում մեզ համար, այլև տարածաշրջանում քաղցրահամ ջրի ամենամեծ պաշարն է:
Սակայն կապուտակ Սևանը զուտ ջրային պաշար չէ: Այն ունի բացառիկ էկոհամակարգ, որը հատկապես վերջին տարիներին ջրի մակարդակի տատանումների հետևանքով հաճախակի խախտվում է: Դրան էլ գումարվում են թունաքիմիկատների և օրգանական նյութերի հոսքը լիճ, որոնք բացասական ազդեցություն են թողնում լճի հարուստ կենսաբազմազանության վրա:
Գործնական ջանքերը կարող են օգնել խորացնել հանրային ընկալումը այս ոլորտում թե՛ խնդիրների, և թե՛ դրանց լուծումների վերաբերյալ:
Դրական արդյունքների հասնելու համար անհրաժեշտ է խոսքերը վերածել պարտավորությունների և գործողությունների՝ ի շահ համայն մարդկության: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38