Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վարդենիսում անցկացվեց երիտասարդական համաժողով

14.03.2022

Մարտի 12-ին Վարդենիս քաղաքի մշակույթի պալատում անցկացվեց երիտասարդական համաժողով՝ Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող եւ «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն երիտասարդության․ բանիմաց եւ ակտիվ երիտասարդներ հանուն ժողովրդավար Հայաստանի՝ այսօր եւ վաղը» ծրագրի շրջանակներում։
Երիտասարդական համաժողովի նպատակն էր՝ Գեղարքունիքի մարզում գործող կրթական հաստատությունների, տեղական և միջազգային կազմակերպությունների համար հարթակ ստեղծել՝ ներկայացնելու իրենց փորձը, նորարարական լուծումներ առաջարկելու երիտասարդների կողմից վեր հանված համայնքային խնդիրների և կարիքների վեաբերյալ։

Բացման եւ ողջույնի խոսքով հանդես եկավ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը: Կարեւորելով կրթության դերը հանրային կյանքում եւ ժողովրդավարական արժեքների պահպանման ու զարգացման գործում՝ մարզպետի տեղակալը կոչ արեց համաժողովի մասնակիցներին՝ բազմաբովանդակ հարցերի շուրջ բաց ու ակտիվ քննարկումներ ծավալելու համար։
Ինչպես ներկայացրին համաժողովի կազմակերպիչները՝ քննարկվող թեմաների ուսումնասիրման աշխատանքներում ընդգրկվել էին հենց հանրակրթական դպրոցներում կրթություն ստացող երեխաները, ովքեր եւ ներկայացրին ուսումնասիրության արդյունքները եւ իրենց առաջարկությունները:
Հանդիպման առաջին փուլում յուրաքանչյուր թեմայի համար պանելային քննարկումներ անցկացվեցին, որում իրենց մասնակցությունը ունեցան Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության կրթության բաժնի պետ Համբարձում Սաֆարյանը եւ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կրթության զարգացման ազգային կենտրոնի տնօրեն Արտաշես Թորոսյանը։
Համաժողովի ընթացքում ակտիվ քննարկումներ ծավալվեցին աշակերտական խորհուրդների, մասնագիտական կողմնորոշման, ուսուցիչների մասնագիտական կարողությունների դրսեւորման եւ դպրոցներում բռնությունների դեպքերի շուրջ:
Պանելային քննարկումներին հաջորդեց «բաց տարածքով» աշխատանքային խմբերի կողմից առաջ քաշված լուծումների և առաջարկների մշակումը, որը ներկայացվեց մասնակիցների ուշադրությանը:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-19 18:05:22