Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի ուղերձը սումգայիթյան ողբերգության տարելիցի կապակցությամբ

28.02.2022

Սիրելի՛ հայրենակիցներ
1988 թվականի փետրվարի վերջին օրերին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ապրող հայության հանդեպ պետական մակարդակով կազմակերպվեց և իրականացվեց հրեշավոր ցեղասպանություն, որը մինչ օրս այդպես էլ հավուր պատշաճի չդատապարտվեց թե Խորհրդային Միության, թե միջազգային հեղինակավոր ատյանների կողմից։
Սումգայիթի հայերը սպանվեցին ու խոշտանգվեցին, բնավեր եղան ամենաբարբարոսական եղանակներով, միայն այն պատճառով, որ հայ էին ծնվել։ Բառերով դժվար է նկարագրել այն արհավիրքը, այն ոճրագործությունները, որոնք ապրեցին Սումգայիթի հայերը եղերական այդ երեք օրերի և դրանց հաջորդող դեպքերի ընթացքում։ Սումգայիթից հետո, թևավորված ԽՍՀՄ կառավարության թողտվությունից և ոչ համարժեք քայլերից, Ադրբեջանի կառավարությունը սաստկացրեց հալածանքներն ու բռնությունները Ադրբեջանի մյուս հայաշատ վայրերում՝ Բաքվում, Գանձակում, Շամխորում և այլուր։ Բռնագաղթի ենթարկվեցին հարյուր հազարավոր հայեր, իսկ Սումգայիթյան ցեղասպանության հերթական արարը կրկնվեց 1990 թվականի հունվարին, արդեն Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում։
Սումգայիթի ավելի քան 17 հազար հայ ընտանիքները ապաստան գտան աշխարհի տարբեր երկրներում, մի մասն էլ հանգրվանեցին Հայաստանում, այդ թվում՝ Գեղարքունիքի մարզում և այսօր էլ մեզ հետ միասին մասնակցում են հայրենաշինությանը։
Սումգայիթյան եղեռնը, անշուշտ, շարունակությունն էր այն հայասպան քաղաքականության, որի հիմքերը դրվել էին 19-20-րդ դարերում, Օսմանյան Թուրքիայում և ընթացք ու թափ ստացել 1918-1920 թվականներին, Ադրբեջանի Հանրապետությունում։ Այն մեկ անգամ ևս եկավ փաստելու, որ հայությունը պետք է համախմբվի իր պետականության, համազգային նպատակների շուրջ՝ դիմագրավելու աշխարհաքաղաքական աղետները և իրեն նետված նոր մարտահրավերները։
Խոնարհվում եմ Սումգայիթում նահատակված մեր անմեղ զոհերի հիշատակի առաջ, քաջալերում բոլոր հայ ընտանիքներին, ովքեր վերապրել են այդ եղեռնի սարսափները։
Հավատացած եմ, որ կգա արդարության ու հատուցման օրը, և համայն հայությունը կվայելի իր ազատ ու խաղաղ զարգացման տևական ժամանակաշրջանը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 14:43:43