Նորություններ
Գեղարքունիքի մարզից դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին կմասնակցեն 77 աշակերտ
21.02.2022
![](http://gegharkunik.mtad.am/files/n_pics/30970_s.jpg)
Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցներից առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին կմասնակցեն օլիմպիադայի մարզային փուլի արդյունքներով հաղթող ճանաչված 77 աշակերտ։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչությունից, 8-ական մասնակից լինելու են հայոց լեզու, հայ գրականություն, պատմություն, ռուսաց լեզու, 7-ական մասնակից՝ անգլերեն, գերմաներեն, հայոց եկեղեցու պատմություն, ՆԶՊ, 5-ական մասնակից՝ մաթեմատիկա եւ աշխարհագրություն, 4 մասնակից՝ կենսաբանություն եւ 3 մասնակից՝ քիմիա առարկաներից։ «Օլիմպիադայի մարզային փուլին մասնակցելու համար դպրոցներից ներկայացվել է 494 հայտ։ Մասնակցել են 361 աշակերտ, որոնցից հաղթող են ճանաչվել 77-ը։ Մասնակիցներ չենք ունեցել ֆրանսերեն, ինֆորմատիկա եւ աստղագիտություն առարկաներից։ Ֆիզիկա առարկայից մասնակիցներ ունեցել ենք, սակայն նրանցից ոչ մեկը չի կարողացել հաղթահարել մարզային փուլի արգելքը։ Այլ խոսքով՝ 14 առարկաներից 4-ի դեպքում օլիմպիադայի հանրապետական փուլի մասնակից չենք ունենա։ Հումանիտար առարկաների գծով հաղթողները երաշխավորվել են մարզային հանձնաժողովի կողմից, իսկ բնագիտական առարկաների գծով հաղթողներին որոշել է Հանրապետական կազմկոմիտեն։ Առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին առավել թվով մասնակիցներ ապահովել են Սեւանի, Վարդենիսի եւ Ճամբարակի ավագ եւ Գավառի թիվ 1 հիմնական դպրոցները»,-ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության կրթության բաժնի պետ Համբարձում Սաֆարյանը։