Նորություններ
Գեղարքունիքի մարզում փակ ճանապարհներ չկան
20.01.2022
Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերվա ընթացքում Գեղարքունիքի մարզի տարածքով մեկ սկսվել են ձյան տեղումները, ինչի արդյունքում մարզի ճանապարհները պատվել են ձյան շերտով կամ մերկասառույցով՝ որոշակի դժվարություն ստեղծելով տրանսպորտային երթեւեկության համար։
Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Գեւորգ Խաչատրյանը, ձյան շերտը հունվարի 20-ի առավոտվա դրությամբ Գավառում եւ Սեւանում կազմում է 10-15, Մարտունիում եւ Ճամբարակում՝ մինչեւ 20 սանտիմետր։ Վարդենիսի տարածքում ձյունը սկսել է տեղալ լուսադեմին։
«Ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքները մարզի տարածքներում ձեռնարկվել են ամբողջ գիշերվա ընթացքում: Այս պահի դրությամբ փակ է մնում միայն Վարդենյաց լեռնանցքը, իսկ մնացած բոլոր ճանապարհները բաց ու երթեւեկելի են։ Ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքները կշարունակվեն նաեւ ցերեկային եւ երեկոյան ժամերի ընթացքում, քանի որ ձյան տեղումները շարունակվում են»,-ներկայացրեց Գեւորգ Խաչատրյանը։