Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց ՀՀ ԱԺ գավաթի խաղարկության հանրապետական փուլում երկրորդ տեղը զբաղեցրած Գեղարքունիքի մարզի դպրոցական թիմին

19.01.2022

Գեղարքունիքի մարզի դպրոցական թիմը ՀՀ ԱԺ գավաթի խաղարկության հանրապետական փուլում զբաղեցրել է պատվավոր երկրորդ տեղը։
Հունվարի 18-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց հաղթանակ տարած թիմի անդամներին և նրանց ֆիզկուլտուրայի ուսուցիչներին: Վերջիններս և դպրոցականները իրենց տպավորությունները ներկայացրեցին կայացած մրցումների վերաբերյալ:
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը շնորհավորեց թիմին՝ գրանցած հաջողության համար և 2020-2021 ուսումնական տարում ՀՀ Ազգային Ժողովի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում 2-րդ տեղը գրավելու համար պատանի մարզիկներին և նրանց ուսուցիչներին խրախուսեց ՀՀ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով: Մարզպետը հորդորեց թիմի անդամներին՝ նպատակ դնել և ավելի լավ մարզվել, որպեսզի հաջորդ մրցաշարում հնարավորություն ունենա ավելի բարձր արդյունք ապահովել:
«Կցանկանամ, որպեսզի դուք բացի ֆիզկուլտուրա առարկայից, մնացած առարկաների ուսումնասիրման ընթացքում ևս գրանցեք հաջողություններ և ձեռք բերեք անսահման գիտելիքներ, որպեսզի տարբեր ոլորտներում բարձր պահեք ձեր դպրոցի, մարզի և մեր երկրի անունն ու պատիվը»,- նշեց մարզպետը:
Կարեն Սարգսյանը խոստացավ հարկ եղած դեպքում աջակություն ցուցաբերել նշված թիմերը ներկայացնող դպրոցներին՝ անհրաժեշտ մարզական գույքի համալրման համար:
Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության տեղեկացմամբ 2021 թվականի մայիս-հունիս ամիսների ընթացքում Գեղարքունիքի մարզում կայացել են ՀՀ ԱԺ գավաթի խաղարկության ներդպրոցական, տարածքային եւ մարզային փուլերը, որոնց մասնակցել են մարզի բոլոր հանրակրթական դպրոցների 1-6-րդ դասարաններում սովորող ավելի քան 4000 դպրոցականներ:
Ներդպրոցական եւ տարածքային փուլերի մրցումներին մասնակցել են 1-6-րդ, իսկ մարզային եւ հանրապետական փուլերի մրցումներին՝ 4-6-րդ դասարանների աշակերտներից ձեւավորված թիմերը:
ՀՀ ԱԺ գավաթի խաղարկության մարզային փուլում հաղթող թիմերից ձեւավորվել է Գեղարքունիքի մարզի հավաքական թիմը, որի կազմում ընդգրկվել են Մարտունու
Մելիք-Շահումյանցի անվան թիվ 1 հիմնական, Գավառի Պ. Ղանդիլյանի անվան թիվ 2 միջնակարգ, Մարտունու Ս. Դարբինյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցների թիմերը:
Հավաքական թիմում հանդես են եկել 12 դպրոցականներ, 3 մարզիչներ եւ Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության 1 ներկայացուցիչ:
2021 թվականի դեկտեմբերի 24-25-ը Վանաձոր քաղաքում կայացել է 2020-21 ուսումնական տարվա ՀՀ Ազգային ժողովի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլը, որի ընթացքում Գեղարքունիքի մարզի հավաքական թիմը զբաղեցրել է 2-րդ պատվավոր տեղը:
Մրցապայքարն ընթացել է 6 մարզաձեւերից, որոնք են՝ վազք՝ 500 մետր, վազք՝ 60 մետր, թենիսի գնդակի նետում, հեռացատկ թափավազքով, ձգումներ կախ վիճակից և փոխանցումավազք:
Գեղարքունիքի մարզի հավաքական թիմի անդամները խրախուսվել են գավաթներով, մեդալներով, պատվոգրերով եւ շնորհակալագրերով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55