Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սարուխանում նշվեց Մեխակ Ավետիսյանի ծննդյան 100- ամյակը և կայացավ նրա հեղինակած գրքի շնորհանդեսը

17.01.2022

Հունվարի 15-ին Գավառ համայնքի Սարուխան գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցում նշվեց Հայրենական Մեծ պատերազմի վետերան, մանկավարժ եւ գրող Մեխակ Ավետիսյանի հեղինակած «Սարուխանի հերոս զավակը» գրքի շնորհանդեսը, որը համընկավ նրա ծննդյան 100-ամյա տարեդարձի հետ:
Միջոցառմանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, Հայաստանի գրողների միության Գեղարքունիքի մարզային բաժանմունքի ղեկավար Տիգրան Նիկողոսյանը, Սարուխանի վարչական ղեկավար Լյովա Աբրահամյանը, Գեղարքունիքի մարզպետարանի եւ Գավառի համայնքապետարանի աշխատակիցներ, Սարուխանի թիվ 1 միջնակարգ դպրոցի մանկավարժներ, Մեխակ Ավետիսյանի գերդաստանի ներկայացուցիչներ և նրա աշակերտներից:
Ինչպես բացման խոսքում ներակայացրեց ՀԳՄ Գեղարքունիքի բաժանմունքի ղեկավար Տիգրան Նիկողոսյանը, պատերազմի ու աշխատանքի վետերան Մեխակ Ավետիսյանի հեղինակած «Սարուխանի հերոս զավակը» գիրքը պատմում է նրա ծոռ, Արցախյան վերջին պատերազմում հերոսի մահով ընկած Հակոբ Արայիկի Հարությունյանի կարճատեւ, բայց անմահացած կյանքի մասին:
«1922 թվականի հունվարի 15-ին է ծնվել Սարուխան գյուղի արժանավոր զավակ, հայրենիքի պաշտպանության ու կառուցման ակունքներում մշտապես կանգնած զինվոր ու մանկավարժ Մեխակ Ավետիսյանը: 2019 թվականի ճիշտ նույն օրը՝ հունվարի 15-ին, մեր այսօրվա հոբելյարը Հայոց բանակ ճանապարհեց իր ծոռ Հակոբ Հարությունյանին: Ցավոք, Հակոբն ընկավ Արցախյան 44-օրյա պատերազմում՝ անասելի վիշտ թողնելով իր ծնողների ու հարազատների սրտերում: Եվ այժմ մեզ մնում է մեկտեղել ցավն ու հպարտությունը՝ փառաբանելով այն հզոր գենը, որ հայրենիքի հերոս պաշտպան պապից անցել է իր սերունդներին»,-ներկայացրեց Տիգրան Նիկողոսյանը:
Արցախյան վերջին պատերազմում անմահացած, «Մարտական ծառայություն» եւ «Արիության համար» մեդալների արժանացած Հակոբ Հարությունյանի անցած դպրոցական եւ մարտական կենսագրությունը ներկայացրին եւ գրական-երաժշտական կատարումներով հանդես եկան Սարուխանի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտները:
Ապա ներկայացվեց Մեխակ Ավետիսյանի մեկդարյա կենսագրությունը, որը լի է փառքի բազմաթիվ դրվագներով՝ թե պատերազմի դաշտում, թե խաղաղ ու ստեղծագործ աշխատանքում: Մեխակ Ավետիսյանը, մինչ պատերազմ մեկնելը, ավարտել է հայրենի գյուղի դպրոցը, ապա ընդունվել մանկավարժական ինստիտուտ: Բանակ զորակոչվել է 1940 թվականին, եղել է հրետանավոր: 1941-1945 թվականներին մարտնչել է գերմանական ֆաշիստների դեմ, 1945 թվականի հունիսից իր զորամիավորման հետ տեղափոխվել եւ մասնակցել է ճապոնական միլիտարիստների դեմ մղվող պատերազմին: Զորացրվել է 1945 թվականի դեկտեմբերին, իսկ 1946 թվականից անցել է մանկավարժական աշխատանքի: Մեկ տարի դասավանդել է Գեղարքունիքի դպրոցում, իսկ հաջորդ տարվանից մինչեւ 2005 թվականը՝ Սարուխանի թիվ 1 միջնակարգ դպրոցում:
1975-1987 թվականներին աշխատել է նույն դպրոցի տնօրենի պաշտոնում: Արժանացել է պետական բազմաթիվ պարգեւների: Կրթել ու կյանք է ճանապարհել հազարավոր սերունդներ: Թոշակի անցնելուց հետո գրել եւ հրատարակել է հայրենի եզերքին նվիրված գրքեր: Ունեցել է երեք զավակ, 27 թոռ եւ ծոռ:
Երախտագիտության եւ շնորհավորանքի խոսքով հանդես եկավ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը: «Ուզում եմ անձամբ երախտագիտություն եւ շնորհակալություն հայտնել Հակոբ Հարությունյանի ծնողներին՝ նման հերոս որդի ծնելու եւ դաստիարակելու համար: Նույն խոսքերն ուզում եմ ուղղել Մեխակ Ավետիսյանին, ով անցնելով երկու պատերազմների միջով, նաեւ փառքի ուղի է կերտել խաղաղ օրերում՝ մեզ ավանդելով խաղաղ ու ազատ հայրենիք: Օգտվելով առիթից՝ ջերմորեն շնորհավորում եմ մեր հոբելյարին եւ մաղթում երկար տարիների կյանք»,-ասաց Կարեն Սարգսյանը:
Մեխակ Ավետիսյանին երախտագիտության եւ շնորհավորանքի խոսքեր ուղղեցին նաեւ Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, Երեւանի Ավան թաղամասի դպրոցի տնօրեն, Մեխակ Ավետիսյանի նախկին աշակերտ Արամ Սաֆարյանը, Սարուխանի վարչական ղեկավար Լյովա Աբրահամյանը, Սարուխանի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն Հայկ Մուդոյանը:
Հոբելյարին նվերներ եւ շնորհակալագրեր հանձնվեցին Գեղարքունիքի մարզպետի, Գավառ համայնքի եւ Սարուխանի վարչական ղեկավարների կողմից:
Ամփոփիչ խոսքով հանդես եկավ Մեխակ Ավետիսյանը:
«Ճիշտ երեք տարի առաջ այս օրվա այս ժամին ես ծոռանս բանակ ճանապարհեցի: Հետո գնացի Արցախ՝ նրա երդման արարողությանը մասնակցելու: Հակոբս շարքի մեջ առաջինն էր, քանի որ բարձրահասակ էր, երդումն էլ խրոխտաբար ընդունեց: Նա զոհվեց 2020 թվականի հոկտեմբերի 31-ին, Մարտակերտում, թշնամու արկից եւ հանգչում է հայրենի Սարուխանում: Այս գիրքը գրեցի, որպեսզի ոչ միայն հավերժացնեմ իմ Հակոբի հիշատակը, այլ նաեւ սփոփեմ նրա ծնողներին, մյուս որդեկորույս ծնողներին: Մենք պետք է մեր մեջ աստիճանաբար ուժ գտնենք՝ հաղթահարելու մեզ հասած ծանր ցավը, շենացնելու եւ հզորացնելու մեր հայրենիքը, որպեսզի գալիք սերունդներն ապրեն միայն խաղաղության մեջ»,-ներկաներին դիմեց Մեխակ Ավետիսյանը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:15:39