Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը 2021-2022 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի առաջին օրը աշխատանքային այցով եղավ մի շարք դպրոցներում

10.01.2022

Դասընթացի մեկնարկին ծանոթանալու նպատակով հունվարի 10-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Զազյանի ուղեկցությամբ այցելեց Գավառի թիվ 1 հիմնական, Կարմիրգյուղի թիվ 1, Նորատուսի թիվ 1 և 2 միջնակարգ դպրոցներ:
Մարզպետը դիտարկեց դպրոցների դասասենյակներում դասընթացի նորմալ կազմակերպման նպատակով բավարար ջերմաստիճանի ապահովման և աշակերտների հաճախելիության հետ կապված հարցերը:
Տնօրենների ուղեկցությամբ Կարեն Սարգսյանը շրջեց դպրոցներում, ծանոթացավ շենքային պայմաններին և հնարավորություններին, ինչպես նաև դասընթացի կազմակերպման հետ կապված մի շարք հարցերի, որոնք մասնավորապես առնչվում էին դպրոցական գույքի և լաբորատոր սարքավորումների առկայությանը, ուսուցիչների օգնականների, դպրոցներում բուժկետերի և բուժաշխատողների գործունեությանը:
Որոշ դպրոցներում մարզպետը անբավարար գնահատեց դպրոցի շենքի մուտքի հսկողության, դպրոցում բավարար ջեռուցման ապահովման, աշակերտների բացակայության և դասապրոցեսի ոչ լիարժեք կազմակերպման հետ կապված հարցերը:
Դպրոցների տնօրենները նման իրավիճակը հիմնավորեցին դպրոցական շենքերի անբավարար վիճակի, տանիքների և պատուհանների մաշվածության, իսկ աշակերտների մեծ թվով բացակայությունները՝ հիվանդությունների հետ:
Դպրոցներում կատարած շրջայցերի ընթացքում Կարեն Սարգսյանը հանդիպումներ ունեցավ նաև մանկավարժական կոլեկտիվների հետ, շնորհավորեց նրանց անցած տոների առթիվ, լսեց և պատասխանեց մանկավարժների կողմից բարձրացված հարցերին` խոստանալով միջոցներ ձեռնարկել դրանց լուծման ուղղությամբ:
Զրույցի ընթացքում մարզպետը հետաքրքրվեց գերազանցության մեդալի հավակնորդների թվի ավելացման, գրադարաններում գրքային ֆոնդի պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքներով:
Անդրադառնալով ուսուցչի աշխատավարձին` մարզպետ Կարեն Սարգսյանը ևս մեկ անգամ հորդորեց ակտիվ մասնակցություն ցուցաբերել մանկավարժների համար սահմանված տարակարգի ձեռքբերման կամ կամավոր ատեստավորման ուղղությամբ անցկացվող մրցույթներին, որպեսզի կարողանան օգտվել բարձր աշխատավարձ ստանալու հնարավորությունից: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 18:48:55