Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ Սուրբ Ծննդյան Ճրագալույցի պատարագ

05.01.2022

Տեր Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոնին նվիրված ծիսակատարությունը Գեղարքունյաց թեմի առաջնորդանիստ Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում մեկնարկեց հունվարի 5-ի երեկոյան, Սուրբ Ծննդյան Ճրագալույցի պատարագով, Գեղարքունյաց թեմի Հայրավանքի վանահայր տեր Բաբկեն վարդապետ Սալբիյանի հանդիսապետությամբ և Գավառի հոգևոր դասի մասնակցությամբ: Արարողությանը ներկա էր Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ տեր Պարթև վարդապետ Բարսեղյանը , այլ պաշտոնատար անձինք:
Սուրբ Ծննդյանը նախորդող այս օրը կոչվում է Ճրագալույց, որը նշանակում է ճրագ լուցանել, այսինքն՝ վառել: Ըստ արարողակարգի, վառվեցին տաճարի ջահերն ու կանթեղները, և մատուցվեց Սուրբ Պատարագ: Ճրագալույցի Սուրբ Պատարագը մատուցվում է երեկոյան, որովհետև Քրիստոսի Ծնունդը եղավ գիշերը: Պատարագի ավարտին եկեղեցին ավետեց՝ «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ» ուրախ լուրը։ Ճրագալույցի Պատարագի ավարտին հավատացյալները եկեղեցու կանթեղներից մոմ կամ ճրագ վառեցին և տարան իրենց տները լուսավորելու: Այդ ճրագը խորհրդանշում է Աստվածային լույսը, եկեղեցու օրհնությունը, Բեթղեհեմյան աստղը, որը մոգերին առաջնորդեց դեպի Մանուկ Հիսուսը:
Սուրբ Ծննդյան արարողությունը, Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում շարունակվեց հունվարի 6-ին: Այդ օրը, առավոտյան մատուցվեց Սուրբ Պատարագ, որից հետո` կատարվեց Ջրօրհնեքի կարգ (ըստ ավանդույթի` խաչը ջուրն իջեցնելը խորհրդանշում է Հիսուսի Հորդանան գետը մտնելը): Պատարագիչը խաչով, ապա մյուռոնով օրհնեց ջուրը և հավատացյալներն այդ ջրից տուն տարան, որպես օրհնություն ու բուժիչ դեղ հիվանդների համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 15:36:12