Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ Գեղարքունիքի մարզի խորհրդի տարեվերջյան նիստը

30.12.2021

 

Դեկտեմբերի 30-ին մարզպետարանում կայացավ Գեղարքունիքի մարզի խորհրդի տարեվերջյան նիստը, որը վարեց մարզպետ, մարզի խորհրդի նախագահ Կարեն Սարգսյանը։
Նիստին մասնակցեցին մարզխորհրդի անդամները, ինչպես նաև Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը և մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ։
Օրակարգային առաջին հարցի՝ տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքների մասին զեկուցեց մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Յուրա Մուշեղյանը։ Նա նշեց, որ 2021 թվականի դեկտեմբերի 24-ի դրությամբ մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտները հավաքագրվել են 93,9 տոկոսով, կամ հավաքագրված գումարը կազմել է 2 միլիարդ 137 միլիոն դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշն աճել է 5 տոկոսով։
ՀՀ կառավարության կողմից մարզի համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքի մասին զեկուցեց մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանը։ Նա նշեց, որ 2021 թվականին մարզի համայնքներից Գեղարքունիքի մարզպետարանի միջոցով ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել սուբվենցիոն 136 ծրագրային հայտ, որից հաստատվել է 115-ը՝ մոտ 7 միլիարդ դրամ նախնական արժեքով ։ 2021 թվականի դեկտեմբերի 29-ին մարզպետարանի քաղաքաշինության վարչության կողմից անցկացված մշտադիտարկման արդյունքում, ավարտվել է 77 ծրագիր, ընթացքում են գտնվում 35-ը, մի քանի ծրագրերի դեպքում մրցույթներ չեն հայտարարվել, մնացած ծրագրերը չեն իրականացվել տարբեր պատճառներով։ Ավարտված ծրագրերից 6-ում արձանագրվել են շինարարական թերություններ, որոնք վերացման փուլում են։ ՀՀ կառավարության տարբեր որոշումներով մարզի տարբեր համայնքներում իրականացվող ծրագրերի համար հատկացվել է 2 միլիարդ 159 միլիոն 655 հազար դրամ։
Օրակարգային երրորդ հարցի ՝ մարզում կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի միջոցառումների ընթացքի մասին զեկուցեց մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանը։ Նա նշեց, որ համավարակի սկզբից առ այսօր մարզում կորոնավիրուսով հիվանդացել են 12 հազար, 687 մարդ, որոնցից 292-ն ավարտվել են մահացության ելքով։ 2021 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ հիվանդանոցներում կորոնավիրուսի դեմ բուժվում են 48, տնային պայմաններում՝ 112 հիվանդ։ Վերջին մեկ ամսում հիվանդության օրական դեպքերը չեն գերազանցում 3-10-ի սահմանները, այն դեպքում, երբ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին դրանք կազմել են 100-140 դեպք։ Ըստ վարչության պետի՝ դեկտեմբերի 29-ի դրությամբ համավարակի դեմ մարզում պատվաստվել են 65.553 մարդ, որը կազմում է մարզի բնակչության 39,3 տոկոսը։ Պատվաստումների կատարողականը մարզում բավականին բարձր է պետական կառույցներում․ մարզպետարանի անձնակազմի աշխատակիցներից պատվաստվել են 96,7 տոկոսը, ոստիկանության եւ ԱԻՆ աշխատակցիների 98 տոկոսը, բուժաշխատողների 97 տոկոսը եւ մանկավարժների 96 տոկոսը։
Պատվաստման գործընթացը բնակչության, տնտեսվարողներին եւ նրանց աշխատակիցներին առավել մատչելի եւ հասանելի դարձնելու համար ԱԱՊԿ օղակում ստեղծվել են շրջիկ պատվաստումային խմբեր։
Օրակարգային չորրորդ հարցի՝ մարզի խոշորացված համայնքներում առկա կազմակերպչական խնդիրների մասին զեկուցեց մարզպետարանի ՏԻ եւ ՀԳՄՀ վարչության պետ Վանիկ Հարությունյանը։ Նա նշեց, որ խոշորացված համայնքներում 2021 թվականի ՏԻՄ ընտրություններից հետո ի հայտ են եկել կազմակերպչական բնույթի եւ առաջնահերթ լուծում պահանջող բազմաթիվ խնդիրներ, որոնց կարգավորման նպատակով մարզպետարանն ամենօրյա կապի մեջ է համայնքապետարանների աշխատակազմերի եւ ՀՀ ՏԿԵ նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ։
Ամփոփելով հանդիպումը՝ Գեղարքունիքի մարզպետ, մարզխորհրդի նախագահ Կարեն Սարգսյանը հորդորեց մարզխորհրդի անդամներին եւ մարզպետարանի ստորաբաժումների ղեկավարներին՝ գալիք տարեսկզբից հետեւողական աշխատանքով շտկել իրավիճակը եւ ամեն ինչ անել` զեկուցվող հարցերի շուրջ բավարար արդյունքներ ապահովելու համար։
Կարեն Սարգսյանը Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ շնորհավորեց նիստի մասնակիցներին՝ ցանկանալով խաղաղ ու ստեղծագործ աշխատանքային տարի, նորանոր ձեռքբերումներ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 18:48:55