Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լիճք գյուղի միջնակարգ դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Գոհար Գեւորգյանը հաղթել է Մոսկվայում անցկացվող ռուսաց լեզվի միջազգային մրցույթում

27.12.2021

Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի Հ․ Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի ռուսաց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Գոհար Գեւորգյանը հաղթող է ճանաչվել Մոսկվայում անցկացվող ռուսաց լեզվի ուսուցիչների «Պուշկինյան» միջազգային ամենամյա մրցույթում, որն անցկացվում է Մոսկվայի կառավարության եւ «Ռոսիյսկայա գազետա» թերթի նախաձեռնությամբ եւ միջոցներով։ Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 23-ին, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում։ Մրցանակը 27 երկրների 50 հաղթողներին շնորհել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ միջմշակութային կապերի գծով ներկայացուցիչ Միխայիլ Շվեդկոյը։ Մրցույթն անցկացվել է «Ռուսաց լեզուն պանդեմիայի ժամանակ․փորձություն, թե հնարավորություն» թեմայով։
«Ես ապացուցեցի, որ պանդեմիան ավելի շատ հնարավորություն է, քան թե փորձություն, քանի որ օնլայն կարգով անցկացվող դասաժամերը հնարավորություն տվեցին՝ աշակերտներին հեռավար կարգով ավելի լայնորեն ու արդյունավետորեն ընդգրկելու ռուսաց լեզվի եւ գրականության ուսուցմանը։ Ես ձայնագրում էի օրվա դասը,«վայբեր»-ով այն ուղարկում աշակերտներին։Այդ մեթոդը հնարավորություն էր ստեղծում, որ աշակերտները մի քանի անգամ իրենց ուզած պահին լսեին դասը, ապա պատասխանը ձայնագրեին եւ ուղարկեին ինձ։ Ես, մեկառմեկ լսելով բոլորին, ուղղում էի սխալները եւ նրանցից ստանում տեսաձայնագրած վերջնական ու ճիշտ պատասխանները՝ դրանք վերջում տեղադրելով «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։ Օգտատերերի թողած մեկնաբանությունները մեր անցկացրած դասերի վերաբերյալ դրական էին եւ գնահատվում էին որպես ամենամատչելի եւ արդյունավետ դասապրոցեսի անցկացման մեթոդ։ Հաղթանակի հաջորդ գրավականը Լիճքում 15 տարի առաջ մեր դպրոցի կողմից կազմակերպված «Անմահ գնդի» երթն էր, երբ մեր դպրոցի աշակերտները Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան ազատամարտի մասնակից իրենց պապերի ու հայրերի դիմանկարներով երթ կազմակերպեցին եւ ծաղիկներ խոնարհեցին նրանց հիշատակը հավերժող հուշարձաններին։ Թե ռուսական կողմը, թե տարբեր երկրներից մրցույթում հաղթած ներկայացուցիչները առանձնահատուկ վերաբերմունք էին դրսեւորում Հայաստանի, հայ ժողովրդի, հայկական մշակույթի հանդեպ»,-ներկայացրեց Գոհար Գեւորգյանը։
«Պուշկինյան» ամենամյա միջազգային մրցույթն անցկացվում է 2000 թվականից, եւ հերթական մրցույթը 21-րդն էր, որտեղ հաղթել է Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող ուսուցչուհին։ Գոհար Գեւորգյանը 2019 թվականին ՀՀ ԿԳՄՍ նախարարության եւ «Ռոսսոտրունիչեստվո» կազմակերպության կողմից ճանաչվել է որպես ռուսաց լեզվի եւ գրականության տարվա լավագույն ուսուցիչ «Մշակույթների երկխոսություն» անվանակարգում։
«Ես շատ հպարտ եմ, որ կարողացա ՌԴ մայրաքաղաքում նման հեղինակավոր լսարանի առջեւ ներկայացնել Հայաստանն ու նրա մշակույթը, մեր մարզն ու գյուղը, մեր աշխարհի մարդկանց, խաղաղության եւ ազատության մեր ձգտումները: Իմ եւ աշակերտներիս գրանցած հաջողությունները պայմանավորված են նաեւ այն մշտական աջակցությամբ, որ ցուցաբերել են Գեղարքունիքի մարզպետարանը, Լիճքի համայնքապետարանը, մեր դպրոցի տնօրինությունը եւ աշակերտների ծնողները»,-նշեց Գոհար Գեւորգյանը։


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 18:13:05