Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ԲՏԱ և ԿԳՄՍ նախարարությունները, «ՀայՓոստը» ամփոփել են համատեղ կազմակերպած ձեռագիր նամակ գրելու մրցույթը

24.12.2021

«ՀայՓոստ» ընկերության նախաձեռնությամբ, ԲՏԱ և ՀՀ ԿԳՄՍ նախարարությունների համագործակցությամբ 2021 թվականի հոկտեմբերի 9-ից ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 9-10-րդ դասարանցիների շրջանակներում կազմակերպվել և անցկացվել է ձեռագիր նամակ գրելու մրցույթ: Մրցույթի նպատակն էր դպրոցականների շրջանում խթանել, արդիականացնել հայագիր նամակ գրելու մշակույթը և ստեղծագործելու հմտությունը:
Համայնքներում մշակութային ժառանգության պահպանությունը, ճանաչելիության բարձրացումը, դրա նկատմամբ հարգանքի և գնահատանքի ձևավորումը, ավանդույթների կենսունա¬կությունն ու փոխանցումը հաշվի առնելով՝ մրցույթի համար առաջարկվել էին նյութական մշակութային ժառանգություն,ոչ նյութական մշակութային ժառանգություն, իմ ընտանիքի ավանդույթը թեմաները:
Մրցույթին մասնակցեցին նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի հանրակարթական ուսումնական հաստատությունների 9-10-րդ դասարանների աշակերտները: Տարածքային փուլին մասնակցեց շուրջ 500 աշակերտ, որոնցից լավագույն 27 աշխատանք ներկայացվեց մարզային մրցույթին: Մարզային փուլում Գեղարքունիքի մարզից հաղթող ճանաչվեց յոթ աշակերտի աշխատանք՝ Գավառ համայնքի N 5 հիմնական դպրոցի աշակերտուհի Անահիտ Հովեյան, Կարմիրգյուղ գյուղի N 2 միջնակարգ դպրոցի աշակերտ Սերոբ Սաֆարյան, Մարտունի համայնքի Ս.Դարբինյանի անվան N 2 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Լիլի Տեր-Եղոյան, Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Լիանա Նավասարդյան, Ծավազարդի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Լիդա Գալոյան, Գավառի Ավ.Իսահակյանի անվան N 4 հիմնական դպրոցի աշակերտ Լևոն Կուռոյան, Ճամբարակ քաղաքի N 4 միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Սոնա Գրիգորյան: Դրանցից ամենաբարձր միավորներ հավաքած աշխատանքները ներկայացվեցին հանրապետական փուլին: Արդյունքում հաղթող ճանաչված չորս աշխատանքներից մեկն էլ դարձավ Գավառ համայնքի  N 5 հիմնական դպրոցի աշակերտուհի Անահիտ Հովեյանի աշխատանքը:
Դեկտեմբերի 22-ին ԿԳՄՍ նախարարությունում անցկացվեց մրցույթի արդյունքների ամփոփումը, որին հրավիրվել էին մասնակցելու նաև Անահիտ Հովեյանն ու նրա հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Նորա Գոզեյանը:
Հաղթողներին, նրանց մանկավարժներին, հանրակրթական դպրոցների տնօրինությանը, Երևան քաղաքի ու մարզերի ԿՄՍ վարչություններին շնորհավորեցին և հաջողություն մաղթեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռոբերտ Խաչատրյանը և «ՀայՓոստ» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի տնօրեն Նաիրա Նազարյանը:
Նրանք իրենց ելույթներում նշեցին, որ ձեռագիր նամակ գրելու մրցույթը նաև փորձ էր հաղորդակցության այդ ավանդույթը վերականգնելու համար և տեքստ գրելու ունակությունը զարգացնելու համար անդրադարձ նաև մեր նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգությանը:
Մրցույթի հաղթողները «ՀայՓոստ›» ընկերության կողմից խրախուսվեցին հատուկ մրցանակներով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 18:13:05