Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Թումո տուփի հերթական հասցեն Սևան քաղաքն է

21.12.2021

Սևանի Վլ․ Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի հարակից տարածքում տեղադրված Թումո տուփը դեկտեմբերի 20-ին պաշտոնապես բացեց իր դռները՝ իր հարկի տակ ընդունելով Սևանի տարածաշրջանի պատանիներին ու աղջիկներին։
Թումո տուփի պաշտոնական բացմանը մասնակցում էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը, Աժ պատգամավոր Ալխաս Ղազարյանը, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Զազյանը, Սևան համայնքի ավագանու անդամներ, համայնքապետարանի ներկայացուցիչներ, համայնքում գործող կրթական հաստատությունների պատասխանատուներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, աշակերտներ։ Թումո տուփի դռները բացելու պատիվը տրվեց Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանին և ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանին։
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի Երևանի կենտրոնի ղեկավար Սիրվարդ Աթանեսյանը հրավիրյալներին և պաշտոնական բացման մասնակիցներին ներկայացրեց կենտրոնի գործունեությունը, դրա շրջանակներում գործող Թումո տուփերի անհրաժեշտությունը։
Գեղարքունիքի մարզում Սևանի Թումո տուփը երկրորդն է Գավառից հետո, որը բացվել է 2020թ․-ին։
Ինչպես նշեց Սիրվարդ Աթանեսյանը, <<Թումո Հայաստան>> նախաձեռնության նպատակն է Թումոյի առաջատար կրթությունը հասանելի դարձնել Հայաստանի ու Արցախի բոլոր պատանիներին։ Թումո տուփը փոքր, սակայն տեխնիկապես հագեցած մինի Թումո է, որը ծառայում է ինքնուսուցման տարածք տվյալ տարածքի պատանիների համար։ Ուսանողներն ինքնուսուցման փուլն անցնում են իրենց քաղաքում, իսկ գործնական դասընթացներին մասնակցելու համար մեկնում են մոտակա Թումո կենտրոններ կամ միանում են դրանց առցանց։
Սևանի Թումո տուփում ուսանելու համար արդեն իսկ հաշվառված է 300-ից ավելի պատանի։
Սևանի Թումո տուփին զուգահեռ տուփեր բացվեցին նաև Կապան և Վայք քաղաքներում։
Սևանի Թումո տուփը բացվել է բարերարների աջակցությամբ, որոնք ցանկացել են անանուն մնալ։ Ինչպես նշեցին բացման մասնակիցները, սա հիանալի հնարավորություն է պատանիներին իրենց կրթական ուղին ուրվագծելու, նոր հորիզոններ բացելու, նաև մասնագիտական կողմնորոշման հիանալի հարթակ է։
Սևանի համայնքապետարանի և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի համագործակցությունը պսակվեց հաջողությամբ, որի արդյունքում Սևանի տարածաշրջանի պատանիներն այսուհետ հնարավորություն կունենան բացահայտելու իրենց ունակությունները, միանալու Թումո-յի մեծ ընտանիքին։
Հավելենք, որ Թումոն անվճար կրթական փորձառություն է, որում պատանիներն իրենք են գծում իրենց կրթական ուղին: Կրթական ծրագիրը բաղկացած է ինքնուսուցման, դասընթացների և աշխատարանների փուլերից` արվեստի և տեխնոլոգիաների 14 ոլորտներում։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 18:48:55