Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

2021 թվականի դեկտեմբերի 20-ից մինչեւ 2022 թվականի հունվարի 15-ը Սեւանա լճում դադարեցվում է արդյունագործական ձկնորսությունը

20.12.2021

Դեկտեմբերի 20-ին Գեղարքունիքի մարզպետարանում կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվեց Սեւանա լճում արդյունագործական ձկնորսության ժամանակավոր դադարեցման միջոցառումների ծրագիրը՝ կապված սիգի ձվադրման ժամանակահատվածի հետ։ Խորհրդակցությունը վարեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
Խորհրդակցությանը մասնակցեցին ՀՀ Ոստիկանության, ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի, Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցիչներ եւ համայնքների ղեկավարներ։
Բացելով խորհրդակցությունը՝ Գեղարքունիքի մարզպետը ներկայացրեց ՀՀ Շրջակա միջավայրի, ՀՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունների, ՀՀ Ոստիկանության, Գեղարքունիքի մարզպետարանի, ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի եւ Երեւանի քաղաքապետարանի պատասխանատվությամբ մշակված համատեղ միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը, համաձայն որի՝ 2021 թվականի դեկտեմբերի 20-ից մինչեւ 2022 թվականի հունվարի 15-ը Սեւանա լճում ժամանակավորապես դադարեցվում է արդյունագործական ձկնորսությունը։ համաձայն ներկայացված ծրագրի նախատեսվում է Սեւանա լճից եւ «Սեւան ազգային պարկ»-ի տարածքից որսագործիքների, լողամիջոցների եւ ժամանակավոր կացարանների դուրսբերում, Սեւանա լիճը գոտեւորող անտառային ճանապարհներին խիստ վերահսկողության սահմանում, մարզից դուրս եկող ճանապարհների ելքերի մոտ հսկիչ կետերի տեղակայում, «Սեւան ազգային պարկի տարածքում շուրջօրյա հերթապահության սահմանում, Երեւանի եւ մարզերի շուկաներում սիգի ձկնկիթի եւ ձկան վաճառքը բացառելու համար ստուգայցերի կազմակերպում, հանրապետական ու տեղական ԶԼՄ-ներով իրականացվող միջոցառումների լուսաբանում։ «Առաջին հերթին պետք է լայն բացատրական աշխատանք տանել ձկնորսների շրջանում, համատեղ ուժերով հասնել նրան, որ արդյունագործական ձկնորսության դադարեցման ժամանակահատվածում բացառվեն ձկնորսության դեպքերը։ Մենք հաճախակի կունենանք համատեղ շրջայցեր ինչպես լճի վրա, այնպես էլ հսկիչ կետերում, Սեւանա լիճ տանող ճանապարհներին։ Կարծում եմ, որ այս գործում մեզ կաջակցեն արդյունագործական ձկնորսությամբ զբաղվող համայնքների ղեկավարները, իսկ ձկնորսությամբ զբաղվողներն ըմբռնումով կմոտենան խնդրին եւ խստիվ կպահպանեն սահմանված կարգը»,-նշեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 18:48:55