Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նորակոչիկների առաջին խումբը Հայոց բանակ մեկնեց Մարտունի համայնքից

20.12.2021

2021 թվականի դեկտեմբերի 20-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցավ 2021-2022 թվականների ձմեռային առաջին զորակոչը, որի ընթացքում Հայոց բանակ ճանապարհվեցին Մարտունի խոշորացված համայնքի նորակոչիկները: Այն մեկնարկեց ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային կառույցից:
Զորակոչի արարողությանը ներկա էր Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ով բարեմաղթանքի խոսքեր հղեց նորակոչիկներին:
«Սիրելի նորակոչիկներ, շնորհավորում եմ ձեզ Հայոց բանակի զինվորի բարձր կոչմանն արժանանալու համար: Վստահ եմ, որ դուք դաստիարակվել եք հայրենասիրական ոգով և պատվով կկատարեք ձեր առջև դրված պարտականությունները: Միաժամանակ վստահ եմ, որ այս նույն կազմով կհանդիպենք նաև երկու տարի անց, երբ ծառայությունն ավարտած կլինեք և հայրենիքին մատուցած ծառայության համար կպարգևատրվեք: Խաղաղ ծառայություն և բարի վերադարձ եմ մաղթում ձեզ»,- նշեց Կարեն Սարգսյանը:
Այնուհետև Մարտունի քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարվեց նորակոչիկների օրհնության կարգ՝ գնդերեց արժանապատիվ Տեր Երեմիա քահանա Սարգսյանի ձեռամբ: Արարողությունից հետո նորակոչիկներին բաժանվեցին փոքրիկ կտակարաններ: Նորակոչիկների ծնողներն ու հարազատները հպարտությամբ և բարձր տրամադրությամբ էին բանակ ճանապարհում իրենց զավակներին:
«Այսօր մեր համար առանձնակի օր է, քանի որ մեր զավակներին ճանապարհում ենք Հայոց բանակ: Թող մեր երկրի սահմաններում խաղաղություն տիրի, և նրանք պատվով ծառայեն ու վերադառնան իրենց հայրենի օջախներ»,- նշեցին նորակոչիկների ծնողները:
Գեղարքունիքի մարզում 2021-2022 թվականների  ձմեռային հերթական զորակոչը կանցկացվի դեկտեմբերի 22-ին: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 18:48:55