Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի խոսքը 1988թ.-ի երկրաշարժի տարելիցի կապակցությամբ

07.12.2021

Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր մեր նորագույն պատմության ամենամեծ բնական աղետի՝ Սպիտակի ավերիչ երկրաշարժի օրն է:
Այսօր մենք ոգեկոչում ենք արհավիրքին զոհ գնացած մեր եղբայների ու քույրերի հիշատակը, սփոփանքի ու քաջալերանքի խոսք ենք ուղղում բոլորին, ովքեր վերապրել են 1988 թվականի դեկտեմբերյան օրերը, ում հարազատների ու մերձավորների կյանքն է խլել սարսափելի աղետը:
Պատուհասած երկրաշարժը վայրկյանների ընթացքում տասնամյակների չամոքվող վիշտ ու ավերածություն պատճառեց մեր երկրին: Հաշված րոպեների ընթացքում հողին հավասարվեցին գյուղեր, ավերվեցին քաղաքներ, զոհվեցին քսանհինգ հազար մեր հայրենակիցներ, խեղվեցին անհաշիվ մարդկային ճակատագրեր:
Դժվար է բառերի մեջ խտացնել մեր ապրած ցավն ու կսկիծը:
Սպիտակի երկրաշարժը պատուհասեց պատմական մի ժամանակաշրջանում, երբ հայ ժողովուրդը կրկին մեկտեղվել էր ազգային ազատագրական պայքարի դրոշի ներքո: Եվ թվում էր, թե բնական արհավիրքն ի զորու է կոտրել մեր ոգին: Սակայն ժամանակը ցույց տվեց, որ կորստի ցավը ոչ միայն հետ չպահեց մեզ մեր ազգայի իղձերից, այլ էլ ավելի համախմբեց: Համախմբեց և հնարավորություն տվեց միասնաբար հաղթահարել խորը վիշտը:
Հայ ժողովուրդը իր բազմադարյա պատմության ողջ ընթացքում ցույց է տվել, որ կարողանում է ուժ գտնել իր մեջ և հաղթահարել փորձությունները, կարողանում է շտկել ճակատագրի հուժկու հարվածից կորացած մեջքը և շարունակել ապրել ու արարել:
Փառք առօրյա հերոսության օրինակներ տվող հայ ժողովրդի զավակներին և հավերժ հիշատակ ու անդորր ննջեցյալներին: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 18:48:55