Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում հարգեցին Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը

07.12.2021

Դեկտեմբերի 7-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանը, Գավառ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Գուրգեն Մարտիրոսյանը, Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառի քաղաքապետարանի եւ նրանց ենթակա կառույցների ղեկավարները, աշխատակիցները եւ անհատ քաղաքացիներ Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում տեղադրված հուշաքարի մոտ ծաղկեպսակ դրեցին, ծաղիկներ խոնարհեցին և խնկարկեցին 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի համար։
Այնուհետ արարողությունը շարունակվեց Սուրբ Աստվածածին եկեղեցում, օրհնության կարգով եւ մոմավառությամբ։
«33 տարի առաջ բնական արհավիրքը Հայաստանի հյուսիսային քաղաքներին ու գյուղերին ծանր ու անդառնալի կորուստներ պատճառեց։ Ամեն տարի մենք միասնական ու համախմբված խոնարհվում ենք և մեր հարգանքի տուրքը մատուցում ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակի առջեւ, առ Աստված աղոթում նրանց հոգիների հանգստության ու մեր աշխարհի խաղաղության համար։
Այսպես միասնական էլ պիտի լինենք մեր հայրենիքի պաշտպանության, նրա շենացման ու բարօրության ապահովման բոլոր ձեռնարկներում»,- օրհնության կարգ կատարելուց հետո ներկաներին դիմեց Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանը։
Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը հարգել են նաեւ Գեղարքունիքի մարզի մնացած համայնքներում ու կրթամշակութային հաստատություններում։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 18:48:55