Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Նիդեռլանդներին թագավորության դեսպան Նիկո Սխերմերսին

27.11.2021

Նոյեմբերի 26-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Նիդեռլանդների թագավորության դեսպան Նիկո Սխերմերսին։ Ողջունելով դեսպանին՝ մարզպետ Կարեն Սարգսյանը նշեց, որ բարձր է գնահատում այս այցը եւ վստահ է, որ կողմերը կգտնեն համագործակցության եզրեր՝ ի շահ հայ-նիդեռլանդական բարեկամության խորացման եւ ամրապնդման, Գեղարքունիքի մարզի տնտեսական զարգացման։
Դեսպան Նիկո Սխերմերսը զրույցը սկսեց հայերենով․ «Հարգարժան մարզպետ, Ուրախ եմ ծանոթանալ Ձեզ հետ, ուրախ եմ քննարկել հայ-նիդեռլանդական հարաբերությունները, խոսել դեսպանատան նախագծերի մասին։ Մեր դեսպանատունն իրականացնում է ծրագրեր մի շարք ուղղություններում, եթե լինեն առաջարկներ, կարող ենք քննարկել»,-նշեց դեսպանը եւ հետաքրքրվեց Գեղարքունիքի մարզի սահմաններին տիրող իրավիճակով, մարզում կայանալիք ՏԻՄ ընտրություններին առնչվող հարցերով, մարզի տուրիստական գրավչություններով, գյուղատնտեսության, բիզնեսի զարգացման, զբոսաշրջության եւ այլ ոլորտներում համագործակցության հաստատման հեռանկարներով։
Ինչպես նշեց մարզպետ Կարեն Սարգսյանը՝ այս տարվա մայիսի 12-ից Ադրբեջանական զինուժի ապօրինի ներկայությունը Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանամերձ համայնքների բնակչությանը խանգարում է գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպմանը, անասնակերի հավաքին, վարուցանքին։
«Օրեր առաջ մեր մարզի սահմաններում մարտական հերթապահության ընթացքում հակառակորդի կրակոցից զոհվեց մեր ժամկետային զինծառայողը»,-ներկայացրեց մարզպետը եւ հույս հայնեց, որ Նիդեռլանդական կողմն այսուհետ էլ շարունակելու է նպաստել դիվանագիտական ճանապարհով հարցի կարգավորմանը։
Դեսպանը նշեց, որ դիվանագիտական լծակներով ադրբեջանին կոչ է արվել անհապաղ վերադարձնել գերեվարված անձանց և դադարեցնել ոտնձգությունները Հայաստանի սուվերեն տարածքի հանդեպ։
Դեսպանը միաժամանակ տեղեկացրեց, որ Նիդեռլանդների դեսպանատան կողմից մի հետաքրքիր ծրագիր է իրականացվում Հայաստանի Հանրապետությունում, այդ թվում՝ Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի «Նավասարդ Ագրո» թռչնաֆաբրիկայում։ «Համաձայն այդ ծրագրի՝ գյուղատնտեսության, փոքր եւ միջին բիզնեսի ոլորտներում աշխատանքի են ընդգրկվում տարեց մասնագետները՝ անվճար կարգով մասնագիտական խորհրդատվություն իրականացնելու համար։ Ձեռնարկատերերը հոգալու են միայն սննդի եւ գիշերակացի կարիքները։ Կարծում եմ, որ դա նկատելի օժանդակություն կլինի ձեռնարկատերերին։ Ունենք նաեւ այլ ծրագրեր, որոնց մասին կխոսենք համապատասխան առաջարկություն ստանալու դեպքում»,-հավաստեց Նիկո Սխերմերսը։
Այս մասով պայմանավորվածություն ձեռք բերվեց մարզի համար շահավետ ծրագրերը առաջիկայում ներկայացնել գրավոր կերպով և համատեղ ուժերով խթանել սոցիալ-տնտեսական ներուժի զարգացմանը։
Անդրադառնալով այս տարվա դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընթացքին՝ մարզպետը շեշտեց, որ քարոզարշավն ու մյուս գործընթացներն ընթանում են առանց ավելորդ միջադեպերի եւ լարվածության, բացառապես օրենքի շրջանակներում։ «Համայնքների խոշորացումը նպաստելու է մեր բոլոր բնակավայրերի համաչափ զարգացմանը, սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի ներդրմանը, տեղական ինքնակառավարման կատարելագործմանն ու ուժեղացմանը։ Նոր պայմաններում մենք ծրագրերի իրականացման ավելի հստակ առաջարկներ կներկայացնենք, մեր մարզի տարածքում կաջակցենք բոլոր համատեղ ծրագրերի իրականացմանը»,-ասաց Կարեն Սարգսյանը։
Մարզպետը քաջատեղյակ լինելով դեսպանի նախասիրությանը՝ քայլարշավների և Հայաստանի տեսարժան վայրերի բացահայտման հանդեպ հետաքրքրվածությանը, առաջարկեց 2022 թվականի գարնանը միասին քայլարշավ կազմակերպել դեպի Արմաղան լեռ, որը գտնվում է , Սևանա լճից հարավ-արևմուտք, Արգիճի գետահովտից հյուսիս, Գեղամա և Վարդենիսի լեռնաշղթաների սահմանագլխին։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 15:02:48