Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարությանը փոխանցվեց ևս երկու մարզում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի կառավարումը

11.11.2021

Աղբյուրը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական էջ
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) ՀՀ կառավարությանն է փոխանցում Գեղարքունիքի և Լոռու մարզերում իրականացվող «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի հետագա կառավարումը և իրականացումը:
Ծրագրի փոխանցման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Վանաձորի թիվ 27 դպրոցում:
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ելենա Միլոշևիչը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՌԴ Ճյուղային սննդի ինստիտուտի ներկայացուցիչ Օքսաննա Զոտովան, պետական գերատեսչությունների և դեսպանատների, ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, մարզպետարանի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը մարզից ծրագրի շահառու դպրոցների ներկայացուցիչներ, հյուրեր:
Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ արդեն շուրջ 11 տարի է, ինչ ՀՀ կառավարությունը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի օգնությամբ, ՌԴ Ճյուղային սննդի ինստիտուտի տեխնիկական աջակցությամբ և ՌԴ կառավարության ֆինանսական օժանդակությամբ իրականացնում է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը։ Նրա խոսքով` ընդհանուր առմամբ վերջին տասը տարիների ընթացքում ծրագրի շնորհիվ օրական շուրջ 104 հազար երեխաներ ապահովվել են մեկանգամյա առողջ, բալանսավորված սննդով, ներդրումներ են իրականացվել համայնքների տնտեսական միջավայրի բարելավման և առողջ ապրելակերպի գաղափարների տարածման գործընթացներում։
Ըստ Վահրամ Դումանյանի` համավարակով պայմանավորված՝ նախորդ տարի հետաձգվել է ծրագրի ներդրումը Գեղարքունիքի մարզի դպրոցներում:
Նախարարի խոսքով` ծրագրի նպատակը միայն երեխաներին տաք սննդով ապահովելը չէ, այն ունի նաև շատ կարևոր այլ բաղադրիչ. թույլ է տալիս դպրոցի շուրջ միավորել համայնքի ջանքերը՝ առողջ սնունդը և ապրելակերպը դպրոցական բաղադրիչում ներառելու և դրա միջոցով հանրային վարքականոն ձևավորելու տեսանկյունից:
«Խիստ կարևորվում է այս խնդիրը, քանի որ հանրակրթության բովանդակային փոփոխությունների մեջ կարմիր գծով անցնում է առողջ ապրելակերպի գաղափարը: Պետք է ասեմ, որ բազմաթիվ լավ համատեղ նախաձեռնություններ ունենք, օրինակ` դպրոցական այգիների մրցույթը, որը խրախուսում է մեր երեխաներին տարածքի ամեն հատվածն օգտագործել արդյունավետ, սովորել կարևոր գիտելիքներ և միաժամանակ հանրային բարիք ստեղծել»,- փաստել է Վահրամ Դումանյանը և ընդգծել, որ ՀՀ և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի, տեղական իշխանությունների, դպրոցների տնօրենների ու ծնողների համատեղ ջանքերի արդյունքում վերանորոգվել են դպրոցական ճաշարանները և վերազինվել ժամանակակից սարքավորումներով, վերապատրաստվել են խոհարարները՝ անվտանգ, առողջարար և համեղ սնունդ պատրաստելու նպատակով: Չնայած արձանագրված հաջողություններին, ըստ նախարարի, դպրոցների մեծ մասի համար դեռևս անհրաժեշտ է իրականացնել խոհանոցների և ճաշարանների հիմնանորոգում, համապատասխան գույքի ձեռքբերում, իսկ որոշ դպրոցներում՝ ինժեներական կոմունիկացիաների ստեղծում:
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ելենա Միլոշևիչի խոսքով՝ ՀՀ կառավարության հետ երկարամյա գործընկերության, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության և բազմաթիվ այլ գործընկերների մշտական աջակցության շնորհիվ վերջին երկու տասնամյակների ընթացքում Հայաստանում «Դպրոցական սնունդ» ծրագիրն իր զգալի ենթակառուցվածքային և մարդկային կապիտալի ներդրումներով ստեղծել է ամուր հիմք, որը խթանում է համայնքային զարգացումը, խրախուսում է հասարակության ներգրավվումը, ապահովում է բազմաշերտ կրթություն, ստեղծում է նոր աշխատանքային հնարավորություններ և խթանում առողջ ապրելակերպը:
ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը ևս ընդգծել է ծրագրի իրականացման և կատարված ներդրումների անհրաժեշտությունը։ Նա կարևորել է հայ-ռուսական հարաբերությունները` հաստատելով, որ Հայաստանը Ռուսաստանի Դաշնության համար առաջնահերթություն է աշխատանքային բոլոր ուղղություններով, այդ թվում` «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի մասով։
Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը։
Միջոցառման ընթացքում մասնակիցները վայելել են Լոռու մարզի Վանաձորի թիվ 27 և Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի թիվ 2 դպրոցի աշակերտների կատարմամբ ներկայացումները, մասնակցել «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ճաշացանկի ցուցադրության համտեսին, ինչպես նաև ծանոթացել Գանձակ գյուղի թիվ 2 դպրոցի` կանանց հզորացմանն ու համայնքի զարգացմանն ուղղված հաջողության պատմությանը: Ներկաները շրջել են նաև ծրագրի շրջանակում հիմնված ջերմոցներում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 15:40:55