Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ծաղկաշենում բացվեց եւ օրհնվեց Արցախյան վերջին պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձանը

09.11.2021

Գեղարքունիքի մարզի Ծաղկաշեն համայնքում ձեռամբ Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանի եւ աջակցությամբ Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի օրհնվեց Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսացած ծաղկաշենցիներ Գոռ Ներսիսյանի եւ Վասակ Գասպարյանի հիշատակին կանգնեցված խաչքար- հուշարձանը։
Խաչքար-հուշարձանի բացման եւ օրհնության արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, Գեղարքունիքի մարզային զինկոմիսարիատի աշխատակիցներ, Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից ծաղկաշենցիներ, զոհված հերոսների ծնողները եւ հարազատները, համայնքի բնակիչներ:
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ծաղկաշենցիներին նվիրված խաչքար-հուշարձանը պատրաստվել է համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սեւակ Կարապետյանի նախաձեռնությամբ ու անձնական միջոցներով, Ստյոպա Գետչյանի քանդակագործությամբ։ Այն տեղադրվել է Ծաղկաշենի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում։
«Ծաղկաշենը փոքր համայնք է, սակայն հերոսական, քանի որ Արցախյան վերջին պատերազմում ցուցաբերել է հայրենասիրության վառ օրինակներ՝ տալով 2 զոհ եւ նույնքան վիրավոր, 23 մասնակից։ Խոնարհվում ենք նրանց առաջ, նրանց ծնողների առաջ, որ նման առյուծ զավակներ են պարգեւել մեր ազգին։ Նրանց անուններն ու գործած սխրանքներն երբեք չեն մոռացվի»,-նշեց մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը։
Ասմունքով ու ռազմահայրենասիրական երգերով հանդես եկան Ծաղկաշենի միջնակարգ դպրոցի աշակերտները՝ խոնարհումի և հիշատակի խոսքեր նվիրելով հերոսներ Գոռի եւ Վասակի հիշատակին։
Արարողության ավարտին մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին նորաբաց խաչքար-հուշարձանին։
Ծաղկաշենի համայնքապետարանի կողմից շնորհակալագրեր հանձնվեցին Արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցած ծաղկաշենցիներին։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 18:15:53