Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՄԱԿ-Ի պարենի համաշխարհային ծրագիրն աջակցում է պարենային արժեշղթաների ոլորտում գործող միկրոձեռնարկություններին՝ հասանելի դարձնելով վերականգնվող էներգիան

22.10.2021

Հոկտեմբերի 21-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետարանում ընդունեց ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի` սննդի արժեշղթաների ծրագրերի համակարգող, Վանաձորի ենթագրասենյակի ղեկավար Վահան Առաքելյանին:
Հանդիպման սկզբում Վահան Առաքելյանը խոսեց այն ծրագրերի մասին, որոնք իրականացվում են հանրապետության տարբեր մարզերում և առաջիկայում կներդրվեն նաև Գեղարքունիքում: Անդրադառնալով այցի բուն նպատակին ՄԱԿ-ի ներկայացուցիչը հանգամանալից ներկայացրեց պարենի համաշխարհային ծրագրի կողմից իրականացվող «Վերականգնվող էներգիայի հասանելիություն Հայաստանի միկրոձեռնարկությունների համար» նոր նախագիծը, որի մեկնարկը Գեղարքունիքի մարզում նախատեսվում է տալ առաջիկա օրերի ընթացքում:
«Ծրագիրը սննդի արտադրության ոլորտում գործող միկրոձեռնարկություններին հնարավորություն է տալու ստանալ 30% սուբսիդավորում՝ արևային կայաններ տեղադրելու համար: Արևային կայան ստացող միկրոձեռնարկությունը որպես կանխավճար պետք է վճարի արևային կայանի արժեքի ընդամենը 10%-ը: Արժեքի մնացած 60%-ը միկրոձեռնարկությունը կվճարի մաս առ մաս՝ 5 տարվա ընթացքում: Իրականացվող նախագիծը կնպաստի ձեռնարկությունների արտադրողականության և եկամտի աճին: Ծրագրի առաջնահերթությունը հավասար հնարավորությունների ստեղծումն է այն միկրոձեռնարկությունների համար, որոնք փորձում են միջոցներ գտնել էներգետիկ ծախսերը նվազեցնելու համար»,- նշեց Վահան Առաքելյանը:
Ծրագրին կարող են դիմել նաև այն ձեռնարկությունները, որոնք ղեկավարվում են կնոջ, երիտասարդների, միայնակ ծնողի, հաշմանդամություն ունեցող անձի կողմից, այն գտնվում է գյուղական վայրում կամ արտադրում է Հայաստանում ոչ ավանդական սննդատեսակներ: Միկրոձեռնարկության աշխատակիցների թիվը չպետք է գերազանցի 10-ը:
ՊՀԾ-ի այս նախաձեռնության տեսլականն է՝ արևային կայանները հասանելի դարձնել փոքր ձեռնարկությունների համար:
«ՊՀԾ-ի աջակցությամբ Հայաստանի 51 դպրոցներում արդեն իսկ տեղադրվել են արևային կայաններ, ինչի շնորհիվ նվազել են կրթական հաստատությունների էլեկտրաէներգիայի ծախսերը՝ օգնելով նրանց խնայողություններ կատարել և հոգալ դպրոցի կարիքները»,- նշեց Վահան Առաքելյանը:
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ողջունեց ՄԱԿ-ի ՊՀԾ-ի՝ մարզում նման ծրագրի ներդրման գաղափարը և պատրաստակամություն հայտնեց աջակցել մարզից ծրագրի շահառուների հետ քննարկումների կազմակերպման, տեղեկատվության տարածման և այլ հարցերում:
Այնուհետև կողմերն անդրադարձան նույն ծրագրի միջոցով «Դպրոցամերձ գյուղատնտեսություն» ստեղծելուն: ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի սննդի արժեշղթաների ծրագրերի համակարգող Վահան Առաքելյանը հավաստեց, որ հաջորդ տարի այդ գաղափարը կներդրվի նաև Գեղարքունիքի մարզի այն դպրոցներում, որոնք օգտվում են ՄԱԿ-ի «Դպրոցական սնունդ» ծրագրից: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 18:48:55