Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին

13.10.2021

Հոկտեմբերի 13-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Իջևանի ենթապատվիրակության ղեկավար Էլիան Շահվայնին, տարածքային ներկայացուցիչ Ավետիք Փաշայանին և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության պաշտպանության գործառույթների համակարգող Ինսկե Վանդորմաելին:
Հանդիպման սկզբում Էլիան Շահվայնը թիմի անունից շնորհավորեց Կարեն Սարգսյանին՝ Գեղարքունիքի մարզպետի պաշտոնում նշանակվելու առթիվ և շնորհակալություն հայտնեց՝ նման ձևաչափի հանդիպում կազմակերպելու համար:
Հանդիպման նպատակն էր Գեղարքունիքի նորանշանակ մարզպետին ներկայացնել ԿԽՄԿ-ի կողմից մարզում իրականացված աշխատանքները, մասնավորապես 2020 թվականի պատերազմյան և հետպատերազմյան ժամանակահատվածում, խոսել ընթացքի մեջ գտնվող ծրագրերի և առաջիկա անելիքների մասին:
Ողջունելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների այցը մարզպետարան՝ Կարեն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց հետպատերազմյան ժամանակահատվածում սահմանամերձ բնակավայրերում բնակչությանը ցուցաբերած մարդասիրական աջակցության համար:
Մարզպետը իրականացվող աշխատանքներում հատկապես կարևորեց անհետ կորածների խնդիրը՝ ԿԽՄԿ պաշտպանության գործառույթները համակարգող ստորաբաժանման ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրելով այդ հարցին:
ԿԽՄԿ պատվիրակության պաշտպանության գործառույթների համակարգող Ինսկե Վանդորմաելը խոսեց 2020 թվականի ռազմական գործողություններից հետո Ադրբեջանում գտնվող գերիների պարբերական այցելությունների և անհայտ կորածների ճակատագրերի պարզաբանման, նրանց ընտանիքների հետ կապի ապահովման և այլ ուղղություններով իրենց կողմից իրականացվող տարաբնույթ աշխատանքների մասին, նշելով, որ ԿԽՄԿ-ն անում է ամեն հնարավոր բան՝ խնդիրների լուծման համար:
ԿՄԽԿ Իջևանի ենթապատվիրակության ղեկավար Էլիան Շահվայնը անդրադարձավ հակամարտության սրացման հետևանքով Գեղարքունիքի մարզում տուժած համայնքներին ցուցաբերած մարդասիրական խնդիրներին՝ կարևորելով մարզի սահմանամերձ բնակավայրերի առողջապահական հաստատություններին տրամադրած տեխնիկական, դեղորայքային և նյութական աջակցության, կրթական հաստատություններում ենթակառուցվածքների վերականգնման և վերանորոգման, հյուրընկալ ընտանիքներին ֆինանսապես աջակցելուն ուղղված հարցերը:
«ԿՄԽԿ աջակցության բաժնի միջոցով փորձում ենք սահմանամերձ բնակավայրերում աջակցել տեղական ինքնակառավարման մարմիններին: Այդ նախագծի իրականացման համար ունենք մասնագետներ, ովքեր կարող են համագործակցել մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների հետ: Այս պահին ընթացքի մեջ է մի կարևոր նախագիծ, որի շրջանակներում փորձում ենք դրամական աջակցություն ցուցաբերել 2020 թվականի հակամարտության սրացումից առավել տուժած Սոթք, Նորաբակ, Կութ, Ազատ, Վերին Շորժա և Ներքին Շորժա բնակավայրերի բնակիչներին, քանի որ նրանք զրկվել են անասնակեր ու վառելափայտ ձեռք բերելու հնարավորությունից», -ասաց Էլիան Շահվայնը:
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը երախտագիտություն հայտնեց ԿԽՄԿ-ի կողմից ցուցաբերված նախաձեռնության համար, հույս հայտնելով, որ մարզպետարանի հետ ծավալվող առաջիկա համագործակցությունը կլինի էլ ավելի արդյունավետ:
Այնուհետև քննարկվեցին մարզի սահմանամերձ բնակավայրերում այս պահին տիրող անվտանգային խնդիրները, ինչպես նաև Արցախից՝ մարզում բնակություն հաստատած ընտանիքների կացության հարցը: Կողմերը շնորհակալություն հայտնեցին միմյանց՝ արդյունավետ և կառուցողական քննարկման համար: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 12:42:36