Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի ունեցավ Ախպրաձորի հիմնանորոգված դպրոցի շենքի բացման արարողությունը

13.10.2021

Հոկտեմբերի 12-ին Գեղարքունիքի մարզի Ախպրաձոր համայնքում տեղի ունեցավ միջնակարգ դպրոցի հիմնանորոգված շենքի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Զազյանը, շենքի հիմնանորոգման նախաձեռնող եւ հովանավոր հանդիսացող «Հայ կրթական միություն» եւ «Թաքնված ճանապարհ նախաձեռնություն» կազմակերպությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները:
Դպրոցի տնօրեն Գինեվարդ Ղուկասյանի ներկայացմամբ՝ հիմնանորոգման աշխատանքներն իրականացվել են «ԱՄՆ Հայ կրթական հիմնարկություն» կազմակերպության եւ բարերար Գաբրիելյան ընտանիքի ֆինանսական միջոցների հաշվին։ Իսկ նախաձեռնությունը պատկանում է «Թաքնված ճանապարհ նախաձեռնություն» հասարակական կազմակերպությանը եւ նրա ղեկավար Նանոր Պալապանյանին, որոնք հովանավորների համար բացահայտել են Ախպրաձոր համայնքի հիմնախնդիրներն ու գրավչությունները։
«Կապիտալ նորոգման է ենթարկվել ողջ շենքը՝ նկուղային հարկից սկսած եւ ձեղնահարկով վերջացրած՝ շենքի ներքին ու արտաքին հարդարմամբ։ Նկուղային հարկը հիմնանորոգվել ու հարմարեցվել է ապաստարանի՝ հաշվի առնելով նաեւ Ախպրաձորի սահմանամերձ ու թիրախային վիճակը։ Կառուցվել է ջեռուցման նոր համակարգ, ինչի արդյունքում արդեն փայտե վառարաններով ջեռուցելու կարգից անցնում ենք էլեկտրաէներգիայով ջեռուցելու կարգին։ Փոխվել են բոլոր դռներն ու պատուհանները, տեղադրվել է նոր ձեղնահարկ։ Ներսում նորոգվող դասասենյակների, միջանցքի, մարզադահլիճի, այլ սենյակների մակերեսը կազմում է շուրջ 2500 քառակուսի մետր։ Դպրոցն արդեն ունի մշտական ջրամատակարարում, ներսում գործող սանհանգույց, սեպտիկ հոր։ Համայնքի բնակչությունը երկար է սպասել այս կենսական ծրագրի իրականացմանը, որը հնարավոր դարձավ նաեւ սփյուռքահայ այն ուսանողների ջանքերով, ովքեր վերջին տարիներին ամառային ճամբար էին հիմնում ախպրաձորցի դպրոցականների համար եւ շատ էին ցանկանում, որ Ախպրաձորն ունենա արդի չափորոշիչներին համապատասխան դպրոցական շենք։ Մեր դպրոցն այժմ ունի 58 աշակերտ, որոնցից տաս առաջին դասարանցիներին ընդունել ենք այս սեպտեմբերին։ Այլ խոսքով՝ աշակերտների թվի աճ էլ ունենք։ Մեզ մնում է հավատով լցվել ապագայի հանդեպ ու ավելի ոգեւորված շարունակել մեր աշխատանքը բարձրադիր ու արդեն սահմանապահ մեր գյուղում։ Անսահման երախտապարտ ենք նախաձեռնող ու հովանավոր կազմակերպություններին՝ նման հույժ կարեւոր ծրագիրը կյանքի կոչելու համար»,-նշեց դպրոցի տնօրենը։
«Մեր կազմակերպությունն այսօր իրականություն դարձրեց իր կարեւոր ծրագրերից ու առաքելություններից մեկը՝ սահմանամերձ այս համայնքին պարգեւելով արդի չափորոշիչներին համապատասխան դպրոց։ Այն իրականացավ մայր հայրենիքի ու Սփյուռքի կազմակերպությունների ու բարի կամքի տեր մարդկանց համագործակցության արդյունքում, շուրջ 52 միլիոն դրամի ներդրմամբ, ու համոզված ենք, որ սահմանապահ այս գյուղում մարդիկ այս ծրագրից շատ ավելի կոգեւորվեն, ավելի կամրանան իրենց հողի վրա, իսկ այս դպրոցում լավագույն պայմաններում կկրթվեն մեր ապագա զինվորները, շինարարները, գիտնականները, գյուղատնտեսները։ Շնորհավորում եմ բոլորիս այս երջանիկ ու գեղեցիկ օրվա առիթով»,-ներկաներին դիմեց «ԱՄՆ հայ կրթական հիմնարկություն» կազմակերպության Հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Արմինե Հարոյանը։
Ախպրաձոր համայնքի ղեկավար Լավրենդիկ Ղազարյանը, համայնքի անունից շնորհակալություն հայտնելով բարերարներին, ընթերցեց Ախպրաձոր համայնքի ավագանու որոշումն առ այն, որ համայնքի միջնակարգ դպրոցի շենքի արդիականացման ծրագիրն իրականացնելու եւ հայրենանվեր գործուներության համար «ԱՄՆ հայ կրթական հիմնարկություն» կազմակերպության շինարարական աշխատանքների պատասխանատու Նշան Փիրումյանն արժանացել է «Ախպրաձոր համայնքի պատվավոր քաղաքացի» կոչմանը։
«Մեր երախտագիտությունն ենք հայտնում այս կենսական ծրագրի նախաձեռնողներին ու բարերարներին։Այս ձեռնարկը եւս մեկ անգամ ապացուցեց, թե որքան ուժեղ ենք մենք, երբ հանդես ենք գալիս միասնական, մեկ նպատակի՝ հայրենաշինության շուրջ։ Ախպրաձորի համար պետական մի կարեւոր ճանապարհաշինական ծրագիր է կյանքի կոչվել, որին մարդիկ տասնամյակներով են սպասել։Այս ձեռքբերումների համար շնորհավորելով համայնքի բնակիչներին՝ միաժամանակ ուզում ենք հավատացնել նրանց, որ սահմանապահ այս համայնքում իրենք միշտ կզգան հայրենի կառավարության եւ սփյուռքահայ մեր հայրենակիցների աջակցությունը»,-նշեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը։
Այնուհետ ներկաները մասնակցեցին Ախպրաձորի միջնակարգ դպրոցի ռազմագիտության դասասենյակի բացման եւ անվանակոչության արարողությանը։ Դասասենյակն այսուհետ կրում է դպրոցի նախկին սան, Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Համլետ Աղաբեկյանի անունը։

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:14:03