Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ծովինարում բացվեց և օրհնվեց Արցախյան պատերազմներում հերոսացածների հիշատակը հավերժացնող հուշահամալիր

11.10.2021

Հոկտեմբերի 10-ին Ծովինար համայնքում բացվեց և օրհնվեց Արցախյան պատերազմներում հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված հայորդիներ Սարգիս Աբրահամյանի, Ռոբերտ Աբրահամյանի, Սպարտակ Զաքարյանի, Շոտա Զաքարյանի, Կարեն Սիմոնյանի, Հովհաննես Ենգոյանի, Ռադիկ Թադեւոսյանի, Մխիթար Զիրոյանի,Դանիել Սարգսյանի, Բաղդասար Գեւորգյանի, Մամիկոն Գյուրջյանի, Ստեփան Սիմոնյանի, Ջիվան Արշակյանի, Գեղամ Մելքոնյանի, Արման Սարգսյանի, Հրայր Տեր-Հովսեփյանի, Ժիրայր Մանուկյանի և Արայիկ Բարսեղյանի Փառքի հուշահամալիրը։
Հանդիսավոր արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի հրամանատարի տեղակալ գնդապետ Հայկ Պետրոսյանը, Ծովինար համայնքի ղեկավար Մհեր Մարտոյանը, ինչպես նաև անմահացած ծովինարցիների ընտանիքների անդամները և այլ հյուրեր։
Միջոցառման մեկնարկին ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի նվագախմբի կատարմամբ հնչեց Հայաստանի Հանրապետության օրհներգը։ Ապա անուն առ անուն հիշատակվեցին Ծովինար գյուղի 18 հերոսները, ինչից հետո օրհնության կարգ կատարեցին Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգևոր հովիվներ Տեր Գևորգ քահանա Բարսեղյանը և Տեր Տարոն քահանա Հունանյանը։
Այնուհետև Հուշահամալիրի առջև ծաղիկներ խոնարհեց և ելույթի խոսքով հանդես եկավ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը՝ փառաբանելով ծովինարցի հերոսների սխրանքները:
Ինչպես նաև ելույթ ունեցան ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի հրամանատարի տեղակալ գնդապետ Հայկ Պետրոսյանը և միջոցառման նախաձեռնող ու կազմակերպիչ Սերոբ Սահակյանը և համոզմունք հայտնեցին, որ այս հուշահամալիրը սերունդներին բոցավառելու է հայրենանվիրությամբ։
Արարողության ընթացքում՝ հետմահու «Ծովինարցի ազատամարտիկ» հուշամեդալներով պարգևատրվեցին 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսացած Ռոբերտ Աբրահամյանը, Սպարտակ Զաքարյանը, Շոտա Զաքարյանը, Կարեն Սիմոնյանը և Հովհաննես Ենգոյանը: Նույն պատերազմում վիրավորված ժամկետային զինծառայողներ Արկադի Քոչարյանը, Ցոլակ Թաթոսյանը և Գագիկ Դավթյանը նույնպես արժանացան «Ծովինարցի ազատամարտիկ» հուշամեդալին։
Միջոցառման նախաձեռնողների կողմից Փառքի հուշահամալիրի մակետներ հանձնվեցին զոհվածների ընտանիքներին, բարերարներին,Գեղարքունիքի մարզպետարանին, Ծովինարի համայնքապետարանին, դպրոցներին, բուժամբուլատորիային և եկեղեցուն:
Պատվոգրերով պարգևատրվեցին հուշահամալիրի շինարարներ՝ Արման Գևորգյանը, Արման Սարգսյանը, Ռուբիկ Դավթյանը, Երվանդ Մելքոնյանը, ինչպես նաև ժամկետային զինծառայության մեջ գտնվող ծովինարցիներ։
Նախաձեռնության հեղինակներին և բարերարներին նույնպես պատվոգրեր հանձնվեցին՝ Ծովինարի համայնքապետարանի կողմից:
Երաժշտական կատարումներով հանդես եկան Ծովինարի կիրակնօրյա հոգևոր և միջնակարգ դպրոցների սաները: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:14:03