Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հոկտեմբերի 6-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը խորհրդակցություն անցկացրեց Գավառի և Մարտունու տարածաշրջանների դպրոցների տնօրենների հետ

06.10.2021

Հոկտեմբերի 6-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը խորհրդակցություն անցկացրեց Գավառի և Մարտունու տարածաշրջանների դպրոցների տնօրենների հետ։
Մարզպետը նախ շնորհավորեց ներկաներին Ուսուցչի օրվա առթիվ, մաղթեց առողջություն և աշխատանքային հաջողություններ:
Խորհրդակցության ընթացքում Կարեն Սարգսյանն անդրադարձավ մարզի հանրակրթական դպրոցներում համավարակի դեմ կանխարգելիչ միջոցառումների իրականացմանը, կարգապահության ու փաստաթղթաշրջանառության պատշաճ ապահովմանը, ուսման որակի բարձրացմանը, ինչպես նաև ջեռուցման սեզոնի նախապատրաստական ու կազմակերպչական հարցերին։
«Հարկավոր է բացառել անհարկի բացակայությունները դպրոցներում, անթերի իրականացնել փաստաթղթաշրջանառությունը, բարձրացնել կատարողական կարգապահությունը։ Արդեն դիտվում է ջերմաստիճանի աստիճանական նվազում, ինչը հուշում է, որ ջեռուցման սեզոնի մեկնարկը մոտ է։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է ջեռուցման համակարգերը նախապատրաստել գործարկման և անել հնարավորը, որպեսզի դասասենյակներում ապահովվի բավարար ջերմաստիճան։ Շատ կարևոր է նաև համավարակի դեմ կանխարգելիչ միջոցառումների իրականացումը։ Ներկա դրությամբ մարզի մանկավարժների 75 տոկոսը ստացել է համավարակի դեմ պատվաստումներ, սակայն հարկավոր է պատկերը բերել ամբողջական տեսքի։ Ավելին, պետք է բացատրական աշխատանքներ տանել այն մանկավարժների հետ, ովքեր պատվաստումների դեմ հակաքարոզչություն իրականացնելու փորձեր կանեն»,-հրահանգեց մարզպետ Կարեն Սարգսյանը։
Նա միաժամանակ առաջարկեց դպրոցների տնօրեններին՝ օժանդակել ու քաջալերել այն մանկավարժներին, ովքեր հավաստագրեր ձեռք բերելու մրցույթներին մասնակցելու ցանկություն կհայտնեն:
Կարեն Սարգսյանը կարևորեց նաև դպրոցներում ուսման որակի բարձրացումը՝ դրամական խրախուսանք խոստանալով այն դպրոցներին, որոնք ուսումնական տարվա ավարտին կունենան ոսկե մեդալակիր աշակերտներ։
«Անցած ուսումնական տարում Գեղարքունիքի մարզում 9 հավակնորդներից ունեցել ենք ընդամենը 1 ոսկե մեդալակիր։ Սա խոսում է այն մասին, որ մենք համատեղ շատ անելիքներ ունենք՝ կրթության որակը բարձրացնելու ուղղությամբ։ Այդ պատճառով որոշել ենք դրամական խրախուսանք հատկացնել այն դպրոցներին, որոնք կունենան ոսկե մեդալակիր շրջանավարտներ»,-նշեց մարզպետը։ Հանդիպման ընթացքում հայտարարություններով հանդես եկան մարզպետարանի ֆինանսական և սոցիալ տնտեսական զարգացման, առողջապահության և սոցիալական ապահովության , կրթության, մշակույթի և սպորտի վարչությունների պետերը՝ համապատասխանաբար խոսելով դպրոցների ֆինանսական վերաբաշխման և ֆինանսական հաշվետվությունների ներկայացման, մանկավարժների շրջանում համավարակի դեմ պատվաստումների իրականացման և դպրոցական ճաշարանների գործարկման մասին: Անդրադառնալով դպրոցական ճաշարանների առաջիկա գործունեությանը Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հրահանգեց դպրոցների տնօրեններին՝ ճաշարաններում, աշխատանքի ընդունման հարցում, առաջնահերթությունը տալ Արցախյան վերջին պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին։ Այնուհետև Գեղարքունիքի մարզպետը պատասխանեց խորհրդակցության մասնակիցներին հուզող հարցերին։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:33:34