Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը խորհրդակցություն անցկացրեց հանրակրթական դպրոցների տնօրենների հետ

04.10.2021

Հոկտեմբերի 4-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը խորհրդակցություն անցկացրեց Գեղարքունիքի մարզի Սևանի, Վարդենիսի և Ճամբարակի տարածաշրջանների հանրակրթական դպրոցների տնօրենների հետ։
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին հանրակրթական դպրոցներում համավարակի դեմ կանխարգելիչ միջոցառումների, դպրոցներում տիրող ներքին կարգապահական կանոնների, մարզպետարանի հետ ունեցած փաստաթղթաշրջանառության, ուսման որակի բարձրացման, ջեռուցման սեզոնի նախապատրաստման ու կազմակերպման հետ կապված հարցեր։
Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանը ներկայացրեց մարզում համավարակի ընդհանուր պատկերը՝ նշելով, որ այս տարվա առաջին ամսի տվյալների համեմատ մարզում համավարակով ախտահարվելու դեպքերը աճել են շուրջ 10 անգամ, ինչը անհանգստանալու տեղիք է տալիս։
«Համավարակի դեպքերը նվազեցնելու համար հարկավոր է դպրոցներում խստիվ պահպանել հակահամաճարակային միջոցառումները, որոնք սահմանված են օրենքով, ապա մանկավարժների շրջանում հետևողականորեն շարունակել ու ավարտին հասցնել պատվաստումները։ Սեպտեմբերի վերջին օրվա դրությամբ մարզում պատվաստվել են մանկավարժների 74,5 տոկոսը։ Հուսանք, որ մոտակա օրերին համավարակի դեմ կպատվաստվեն մնացած բոլորև»,- ներկայացրեց Լուսինե Վարդանյանը։
Ջեռուցման սեզոնի վերսկսման և դրանում իրականացվող նախապատրաստական աշխատանքների, ինչպես նաև ուսուցիչների մրցույթների կազմակերպման խնդիրների մասին խոսեց Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Զազյանը։
«Սովորաբար ջեռուցման սեզոնի մեկնարկը տրվում է նոյեմբերի 1-ից, սակայն այն կարող է սկսվել ավելի վաղ, եթե տվյալ դպրոցում վաղաժամ ցրտերի պատճառով հնարավոր չի լինի կանոնավոր դասապրոցես ապահովել: Դրա համար դպրոցները պետք է ժամանակին նախապատրաստեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը՝ ապահովելով ջեռուցման համար համապատասխան միջոցները և հնարավորությունները»,-ներկայացրեց Կարեն Զազյանը։
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը տնօրեններին հանձնարարեց մինչև ջեռուցման սեզոնի սկիզբը կարգավորել առաջ եկած հիմնահարցերը, որպեսզի դասասենյակներում հաջողվի պահպանել սենյակային սահմանված ջերմաստիճանը։ Այնուհետև մարզպետը խոսեց կարգապահության, փաստաթղթաշրջանառության պատշաճ ապահովման, դպրոցներում հրատապ խնդիրների կարգավորման հետ կապված հարցերի շուրջ։
«Պետք է բարձր պահել աշխատանքային կարգապահությունը։ Ինչպես մեր, այնպես էլ ԿՄՍ վարչության, մարզպետարանի այլ պատասխանատու պաշտոնյաների կողմից կարող են լինել անակնկալ այցեր և ուսումնասիրություններ: Առաջարկում եմ սեղմ ժամկետներում ներկայացնել նաև դպրոցների շենքային պայմաննների բարելավման, այլ հրատապ խնդիրների կարգավորման հետ կապված հարցերը, որպեսզի կարողանանք ընդունել համապատասխան որոշումներ և գտնել արդյունավետ լուծումներ»,-նշեց մարզպետը։
Մարզպետ Կարեն Սարգսյանի առաջարկով իրենց հաստատություններում հրատապ լուծում պահանջող հարցերը բարձրաձայնեցին մի շարք դպրոցների տնօրեններ։ Դրանք հիմնականում վերաբերում էին դպրոցաշինությանը կամ շենքային պայմանների բարելավմանը։
«Իհարկե, շատ կարևոր է դպրոցների արդիականացման ծրագրերի իրականացումը, սակայն ցանկալի կլիներ, որ հնչեին նաև կրթության որակի բարձրացման հետ կապված հարցեր։ Առաջիկայում, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ներդվելու են մի շարք կրթական կարևոր ծրագրեր, որոնցից անմասն չի մնա նաև Գեղարքունիքի մարզը: Դրանք կնպաստեն կրթական որակի նկատելի բարձրացմանը և ապահովմանը»,-խորհրդակցությունը եզրափակեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 18:48:55