Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղհովիտ համայնքում տեղի ունեցավ նորակառույց Սուրբ Նշան եկեղեցու բացման արարողությունը

03.10.2021

Հոկտեմբերի 2-ին Գեղհովիտ համայնքի վարչական տարածքում տեղի ունեցավ Սուրբ Նշան եկեղեցու բացման արարողությունը, որը նախաձեռնել և կյանքի էր կոչվել Բաղդասարյան ընտանիքի կողմից:
Արարողությանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցներ, հյուրեր, գեղհովիտցիներ:
Նորակառույց եկեղեցին, գմբեթին կանգնեցված խաչը, ինչպես նաև Բաղդասարյանների ընտանիքի  բարեկամ, գեղհովիտցի Արայիկ Մաժանգուլյանի կողմից  Սուրբ Նշան եկեղեցու բակում կանգնեցված 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարը, օրհնվեց և օծվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեսուչ տեր Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի, Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթև վարդապետ Բարսեղյանի, Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի և աջակցությամբ եկեղեցու հոգևոր հայրերի:
Հոգևոր սպասավորները շնորհավորեցին ներկաներին՝ եկեղեցու բացման առթիվ և երախտագիտություն հայտնեցին արտերկրում գործունեություն ծավալող Բաղդասարյանների ընտանիքին` եկեղեցանվեր ծառայություն մատուցելու համար:
«Եթե մի ժողովուրդ կարողանում է իր ծոցից ծնել որդիներ, ովքեր ստեղծում, արարում և ստեղծագործում են, դա նշանակում է, որ պատահական չէ, որ հենց մենք առաջինը ընդունեցինք քրիստոնեությունը: Մեր արյան մեջ է Աստծո պատկերը և մենք դեռ պետք է շարունակենք արարել հանուն ապագայի: Թող օրհնյալ լինի այս տունն էլ , այս տունը կառուցողի տունն էլ: Թող Աստված ձեզ զորավիգ լինի»,- նշեց Տեր Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը:
Այնուհետև Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ տեր Պարթև վարդապետ Բարսեղյանը եկեղեցու հովանավորներին փոխանցեց Հայրապետական օրհնությունն ու բարեմաղթանքները, ընթերցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից շնորհած սուրբ օրհնության գիրը, որն էլ, հանձնվեց եկեղեցու կառուցման հովանավոր Զավեն Բաղդասարյանին:
Վերջինս հանդիսության մասնակիցներին ներկայացրեց եկեղեցու կառուցման պատմությունը:
«Տեր և տիկին Բաղդասարյանների հովանավորությամբ Գեղհովիտ համայնքում կառուցված եկեղեցու պատմությունը սկսվում է այն ժամանակ, երբ տիկին Բաղդասարյանը 33 տարեկան հասակում կլինիկական մահ է ապրում: Կռիվ տալով մահվան դեմ՝ նա Աստծո կամոք կարողանում է հաղթահարել այդ փորձությունը, որից հետո հաղորդություն ստանալով , որոշում է կառուցել մի աղոթատեղի ՝ աշխարհիկ եռուզեռից հեռու մի վայրում, որպես երախտագիտության առհավատչյա առ ամենախնամ Աստված: Եվ ահա պետք էր ընտրել այն վայրը, որտեղ պիտի վեր խոյանար աստվածահաճո եկեղեցու խաչակիր գմբեթը: Երկար մտորումներից հետո նրա ընտրությունը կանգ է առնում իր ծննդավայր Յանըղ կոչվող բնակավայրի վրա։ Ստանալով ընտանիքի համաձայնությունն ու աջակցությունը՝ 2018 թվականին հիմք է դնում իր նպատակի իրականացմանը»,- իր խոսքում նշեց Սուբ նշան նորակառույց մատուռի բարերար և հովանավոր Զավեն Բաղդասարյանը:
Եկեղեցում մոմավառություն կատարելուց հետո ներկաները մասնակցեցին նաև մատաղի արարողության: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 18:48:55