Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզի պատվիրակությունը մասնակցեց «Մշակութային վերածնունդ» «Արվեստների և արհեստների» ավանդական փառատոնին

28.09.2021

2013 թվականից Դիլիջան քաղաքում կազմակերպվում է «Մշակութային վերածնունդ» «Արվեստների և արհեստների» hամահայկական փառատոնը։
Այս տարի փառատոնն անցկացվեց սեպտեմբերի 25-ին: Ներկայացված էին Հայաստանի մարզերը` իրենց համայնքներով: Փառատոնի շրջանակներում ցուցադրվեցին գորգարվեստի բացառիկ` այդ թվում թանգարանային նմուշներ, դեկորատիվ–կիրառական արվեստի ստեղծագործություններ՝ կավագործություն, խեցեգործություն, դարբնագործություն, փայտագործություն, տիկնիկագործություն, ազգային տարազ, կերպարվեստ, ասեղնագործություն, ազգային խոհանոց և այլն:
Ներկայացված էր մարզերի մշակույթը՝ երգ, պար,ազգային նվագարաններ, ինչպես նաև տարածաշրջանի զբոսաշրջային պոտենցիալը: Փառատոնը բացառիկ էր ոչ միայն ձեռագործ աշխատանքների պատկերասրահով, վարպետության դասերով, բազմաբովանդակ տաղավարներով, այլ նաև տեղական կոլորիտը ներկայացնող, անհատ կատարողների և համույթների մասնակցությամբ ուղեկցվող համերգային ծրագրերով:
Գեղարքունիքի մարզի տաղավարներում գորգագործությունն ու կարպետագործությունը ներկայացնում էին Գեղարքունիքի երկրագիտական թանգարանը և Գավառի մանկատան գորգագործության խմբակի սաների աշխատանքները: Մանկատան սաների ուժերով կազմակերպվեց նաև գորգագործության վարպետության դաս: Գավառի ստեղծագործական կենտրոնը ներկայացնում էր քանդակագործությունն ու փայտարվեստը: Տիկնիկագործության արվեստն էր ներկայացնում Գավառից ժողովրդական վարպետ Անահիտ Ճաթեյանը: Վարդենիսի գեղարվեստի դպրոցի սաների գոբելեն և գեղանկարչական աշխատանքները հատուկ շքեղություն էին հաղորդել մարզի տաղավարին: Ասեղնագործությունը ներկայացնում էին Գավառի մանկատան և ուսուցողական կենտրոնի սաների ձեռքի աշխատանքները: Ազգային խոհանոց անվանակարգում ներկայացված էր Գավառի փախլավան, գաթան և շաքարլոխումը:
Կազմակերպիչների կողմից ստեղծված ժյուրին շրջեց մարզերի տաղավարներով և գնահատեց մարզերի ներկայացվածությունը: «Գորգարվեստի ավանդույթները մարզում լավագույնս պահպանելու համար» անվանակարգում մարզը ճանաչվեց լավագույնը և արժանացավ հավաստագրի ու մրցանակի:
Համերգային ծրագրում Գանձակի երաժշտական դպրոցի «Գանձակ» պարային համույթի ելույթները բարձր տրամադրություն պարգևեցին հանդիսատեսին: Հետաքրքիր կատարմամբ հանդես եկավ նաև Գավառի արվեստի դպրոցի պարային համույթը:
Փառատոնի հյուրերի համար այն մեկ օրում և մեկ վայրում ամբողջ Հայաստանի ազգային կոլորիտի հետ շփվելու լավագույն միջոց էր, քանի որ այստեղ էր համախմբված Հայաստանն իր մշակույթով, արհեստագործ վարպետներով, դեկորատիվ, կիրառական արվեստների բազմազանությամբ, հյուրընկալության և հյուրասիրության ավանդույթներով, երգ ու պարով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-27 16:58:26