Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լիճք համայնքում բացվեց եւ օրհնվեց Արցախյան վերջին պատերազմում համայնքից հերոսացած զինծառայողների հիշատակն հավերժացնող հուշարձանը

25.09.2021

Սեպտեմբերի 25-ին Լիճք համայնքում բացվեց համայնքից Արցախյան վերջին պատերազմում զոհված հերոսներ Արտյոմ Վաղինակի Ավետիսյանի, Սարգիս Հովիկի Սրքոյանի, Վելգեմ Արագոնի Գեղամյանի եւ Սաշա Աշոտի Կարապետյանի հիշատակը հավերժացնող հուշարձանը: Այն կառուցվել էր հերոս զինծառայողների ծնողների անմիջական նախաձեռնությամբ և ֆինանսական ներդրումների հաշվին: Հուշարձանը տեղադրվել է համայնքի մուտքի մոտ, Հայրենական Մեծ պատերազմի եւ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հուշարձանների կողքին՝ Վաչագան Հարությունյանի քանդակագործությամբ:
Հուշարձանի բացման արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը,Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Պարթև վարդապետ Բարսեղյանը, Լիճք համայնքի ղեկավար Գնել Գրիգորյանը, համայնքի մանկավարժներ, դպրոցականներ, Արցախյան վերջին պատերազմում զոհված զինծառայողների ծնողներ և հարազատներ:
Արարողության մեկնարկին ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան պատերազմներում զոհված հայորդիների անմար հիշատակը, ապա տեղի ունեցավ նորաբաց հուշարձանի օրհնության կարգը, որը կատարվեց ձեռամբ Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանի եւ աջակցությամբ թեմի հոգեւոր դասի:
«Արարողության այս պահին մենք մտովի տեղափոխվեցինք 1 տարի առաջ, երբ թշնամին լայնածավալ հարձակում սկսեց Արցախի դեմ, եւ մենք ազգովի պայքարի ելանք՝ մեր հայրենիքը պաշտպանելու համար: Թշնամու դեմ մաքառող քաջերի շարքերում էին նաեւ Լիճք համայնքից ժամկետային զինծառայողներ՝ Արտյոմը, Սարգիսը, Վելգեմը և Սաշը, ովքեր հերոսի փառքով պսակեցին իրենց անունները: Մենք ժամանակին կատարել ենք հերոսացած զինծառայողների հոգեհանգստյան արարողությունները, սրտի անհուն ցավով նրանց հավերժություն ճանապարհել: Բայց հիմա նույն ցավի ու վշտի չափով էլ հպարտությունն է խոսում մեր սրտերում: Այս հուշարձանը մխիթարում ու սփոփում է լիճքեցիներին, առավելապես՝ զոհվածների ծնողներին ու հարազատներին: Հիմա մեր հերոսների հոգիները երկնային լույսերի միջից նայում են այս հոծ բազմությանը եւ հպարտ կլինեն, որ իրենց գործն ապրում է, ապրում է իրենց հայրենիքը: Իսկ այս երեխաները միշտ կհիշեն հերոսների անունները, կոգևորվեն նրանց սխրագործություններով»,-ներկաներին դիմեց Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանը:
Ապա սփոփանքի և ոգեկոչման խոսքերով հանդես եկավ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:
«Մեր հերոս տղաների հարգարժան ծնողներ, առաջին հերթին գլուխ եմ խոնարհում ձեր առջև եւ խնդրում եմ, որ միշտ հպարտ զգաք ձեզ այն մտքից, որ ձեր զավակների նվիրումը մեր երկրին եղել է անսահման, որ այդ նվիրումից է կախված եղել մեր հայրենիքի փրկությունը: Մենք ոչ միայն խոնարհվում ենք նրանց սուրբ հիշատակի առջեւ, այլ նաեւ պարտավորվում՝ կառուցել այնպիսի հայրենիք, որի դեմ այլեւս ոչ մի թշնամի չհամարձակվի ոտնձգություն կատարել ու մեզ նոր պատերազմներ պարտադրել: Շնորհիվ մեր քաջ տղաների թափած արյան, մենք պիտի ունենանք այնպիսի հայրենիք, որտեղ մեր հայրենակիցները կապրեն բարօր, խաղաղ ու երջանիկ կյանքով: Շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլոր նրանց, ովքեր կյանքի են կոչել այս հուշարձանի նախաձեռնությունը, որը դարերին ու սերունդներին կպատմի մեր հերոսների սխրանքների մասին: Փառք ու պատիվ հայրենի հողի համար արյուն թափած բոլոր հերոսներին»,-ասաց մարզպետ Կարեն Սարգսյանը:
Լիճք համայնքի դպրոցականների ուժերով կազմակերպված գրական-երաժշտական ցերեկույթի ընթացքում խոնարհումի խոսքեր հնչեցին Արցախյան վերջին պատերազմում զոհված համագյուղացի հերոսների անցած կյանքի և մարտական կենսագրությունների մասին: Ներկաները ծաղկեպսակներ դրեցին եւ ծաղիկներ խոնարհեցին նորաբաց հուշարձանին:
Համայնքի ղեկավար Գնել Գրիգորյանի տեղեկացմամբ՝ Արցախյան վերջին պատերազմում Լիճք համայնքը տվել է չորս զոհ, ինը վիրավոր: 2020 թվականի 44-օրյա պատերազմին համայնքից մասնակցել է 35 ժամկետային զինծառայող, 12 պահեստազորային, 10 կամավորական: 4 հոգի էլ մասնակցություն են ունեցել իրենց տեխնիկական միջոցներով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:15:39