Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վարդենիս համայնքում հանդիսավոր պայմաններում նշվեց ՀՀ Անկախության 30 ամյակը

22.09.2021

Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության Անկախության 30-ամյակի առթիվ Վարդենիս քաղաքում կազմակերպվեց միջոցառում, որին մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, զինվորականներ, հյուրեր, վարդենիսցիներ:

Տոնական միրոցառման մեկնարկը տրվեց Վարդենիսի Սուրբ Աստվածածին եկեղեցուց, որտեղ Գեղարքունյաց թեմի Մարտունու տարածաշրջանի հոգևոր տեսուչ տեր Գևորգ քահանա Բարսեղյանի ձեռամբ մատուցվեց պահպանիչ աղոթքի արարողություն:
Այնուհետև Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և միջոցառման մասնակիցները Մոնթե Մելքոնյանի անվան այգում ծաղկեպսակներ դրեցին և ծաղիկներ խոնարհեցին:
Անկախության օրվան նվիրված միջոցառումը շարունակվեց Վարդենիսի մշակույթի պալատի բակում, որտեղ հնչեցին մեծարման, շնորհավորանքի և ոգեկոչման խոսքեր` ուղղված հայրենյաց պաշտպաններին և նրանց փառավոր հիշատակին։

Ելույթ ունեցողները հույս հայտնեցին, որ հայ ազգը միշտ էլ կանգնած է եղել խաղաղ ու հզոր պետականություն կերտելու ճանապարհին և մշտապես պայքարել է` այն ամուր պահելու համար:
«Հարյուրամյակների հեռվից իրականություն դարձավ հայ ժողովրդի նվիրական երազանքը, և մենք ունեցանք Անկախ Հայաստանի Հանրապետություն, որի 30 ամյակն այսօր մենք նշում ենք ազգովի: Այն կյանքի կոչվեց հայ ժողովրդի հայրենասիրության, միասնականության և համախմբվածության շնորհիվ: Անկախությունը հայ ժողովրդի համար դիտվում է որպես բացառիկ արժեք , և մենք պարտավոր ենք պայքարել հանուն այդ արժեքի պահպանման: Այս 30 տարիների ընթացքում մենք ունեցել ենք բազմաթիվ ձեռքբերումներ, մեր աչքի առաջ օր-օրի ծաղկում ու զարգանում է մեր երկիրը: Սակայն, ցավով պետք է նշեմ, որ մեր հայրենի երկրի սահմանների պահպանության և ամրության համար մղված պատերազմների ընթացքում մենք ունեցել ենք նաև թանկ կորուստներ: Եվ այսօրվա մեզ տրված խաղաղությունը այդ հերոս տղաների կյանքի, նրանց թափած սրբազան արյան շնորհիվ է: Սիրելի հայրենակիցներ, հանուն այդ ամենի մենք պարտավոր ենք լինել ավելի համախմբված և մեր ձգտումներով ավելի շենացնենք այն երկիրը, որին ձգտում և որի մասին երազում էին մեր հերոսացած տղաները»,- իր ելույթում նշեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:
Հայաստանի Հանրապետության Անկախության 30-ամյակի առթիվ ներկաներին շնորհավորեց նաև Մարտունու տարածաշրջանի հոգևոր տեսուչ տեր Գևորգ քահանա Բարսեղյանը:
«30 տարի առաջ այս օրն ընթերցվեց Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագիրը, որով մենք ունեցանք գերբ, դրոշ, ազգային բանակ և այլ արժեքներ: Եվ այդ 30 տարիների ընթացքում մենք մեր անկախությունը պահել ու պահպանել ենք աչքի լույսի պես: Ցավոք, այդ անկախությունը մեզ չեն նվիրել, մենք այն ձեռք ենք բերել մեր մարտիրոսված զավակների արյան գնով: Եվ այսօր մենք պարտավոր ենք կյանքի գնով, աշխատանքի ուժով, բանակի հզորացմամբ և մեր սուրբ հավատքով պահել ու պահպանել այդ անկախությունը»,- նշեց հոգևոր տեսուչը։
Տոնական օրվա առթիվ ելույթի խոսքերով հանդես եկան նաև ՀՀ ԶՈՒ 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ Հայկ Պետրոսյանը և Վարդենիսի համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանը:
«Արցախյան պատերազմը ցույց տվեց աշխարհին, որ ինչ էլ լինի հայ ժողովուրդն անպարտ է և նա միշտ պատրաստ է տեր կանգնել իր երկրին ու այդ երկիրը կյանքի գնով պաշտպանելու գաղափարին»,- հնչեցրին նրանք:
Հայաստանի Հանրապետության Անկախության 30-ամյակի առթիվ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով «Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրեց մի խումբ զինծառայողների՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և խիզախության համար: Պարգևներ հանձնվեցին նաև հետմահու:
Այնուհետև Վարդենիսի կենտրոնական փողոցով ՀՀ ԶՈՒ 2-րդ բանակային կորպուսի ենթակա զորամասերի ստորաբաժանումները անցան զինվորական քայլերթով:
Միջոցառման մասնակիցներն օգտվեցին նաև զինվորական դաշտային խոհանոցից: Տոնակատարությունը եզրափակվեց գրական-երաժշտական ցերեկույթով:

Շնորհավոր տոնդ, անկախ Հայրենիք



 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 11:54:25