Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վերին Գետաշենում սուբվենցիոն երկու ծրագիր է իրականացվում

08.09.2021

Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքում օգոստոս ամսից ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում սկսվել եւ ընթանում են 4 փողոցների սալարկման եւ 10 թաղամասերում ոռոգման ջրատար առուների կառուցման շինարարական աշխատանքները։Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, փողոցների սալարկման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 85 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Վերին Գետաշենի համայնքապետարանը։ Սալարկվող փողոցների ընդհանուր մակերեսը կազմելու է 6500 քառակուսի մետր։ Սալարկումը կատարվելու է տուֆ քարով։ Սեպտեմբերի 7-ի դրությամբ արդեն ավարտվել են հողային աշխատանքները, փողոցները նախապատրաստված են սալարկման։
Ջրատար առուների կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 48 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Վերին Գետաշենի համայնքապետարանը։ Առուների կառուցման ընդհանուր երկարությունը կազմում է 2500 գծամետր։ Դրանք կառուցվում են երկաթյա կիսախողովակներով։ Սեպտեմբերի 7-ի դրությամբ արդեն կառուցված է 300 գծամետրը։ Երկու ծրագրերի շինարարական աշխատանքներն էլ նախատեսված է ավարտել այս տարվա վերջերին։
«Ասֆալտապատման փոխարեն այս տարի որոշեցինք կատարել սալարկում անբարեկարգ վիճակում գտնվող չորս փողոցներում, ինչի համար նաեւ կառավարությունն է շահագրգռված՝ շեշտը դնելով տեղական հումքի իրացման վրա։ Ջրատար առուների կառուցման արդյունքում նվազագույնի ենք հասցնելու ոռոգման ջրի կորուստները, ջուրը սպառողներին հասնելու է արագ ու ժամանակին, քանդման վտանգից պաշտպանվելու են ներհամայնքային ճանապարհները։ Բացի այդ, առանձին թաղամասերում առուների անբարեկարգ վիճակի պատճառով մատակարարվող ջուրը ներծծվում էր բնակարանների նկուղները՝ քայքայելով շինությունները։ Ծրագրի իրականացումից հետո լիովին պաշտպանված կլինեն նաեւ այդ շինությունները»,-ներկայացրեց Վերին Գետաշեն համայնքի ղեկավար Տիգրան Մուրադյանը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2021-09-16 15:53:26